Կալանավորները 5 րոպեում փախուստ են կազմակերպել շվեյցարական բանտից

19:48 • 18.05.13

Շվեյցարիայի հարավարևմտյան Լոզան քաղաքում հինգ կալանավորներ փախել են բանտից: Նրանց շարքում է գտնվում նաև թանկարժեք ոսկերչական իրերի գողություններով հայտնի «Վարդագույն ընձառյուծ» ավազակախմբի անդամներից մեկը, հայտնում է Russia Today-ը:
 

Բանտից փախչել կալանավորներին հաջողվել է համախոհների օգնությամբ, ինչպես տեղեկացնում է շվեյցարական Geneva lunch պարբերականը: Ցերեկային զբոսանքի ժամանակ, երկու մեքենա է մոտեցել բանտի ցանկապատին և պատից ներս նետել հրազենով, պայթուցիկներով և փականագործի գործիքներով լի պայուսակ:


Այնուհետև պայմանավորված տեղում կանգնած հինգ կալանավորները մի քանի արցունքաբեր գազով նռնակներ են կիրառել և սպիտակ ծխի տարածվելուց հետո հաշված րոպեների ընթացքում անհետացել են բանտի պատերից այն կողմ:


Շվեյցարական ոստիկանության տվյալներով՝ ողջ գործընթացը «շատ լավ ծրագրված է եղել»: Փախուստի դիմած կալանավորների հետքերով 80 ոստիկաններ են գնացել: Շուտով նրանցից երկուսին ձերբակալել են, իսկ մյուս երեքը, որոնց թվում է «Վարդագույն ընձառյուծի» անդամը, դեռևս գտնվում են փախուստի մեջ: