Մոսկվայի կենտրոնում շուրջ 100 ֆուտբոլային երկրպագուներ են ձերբակալվել

00:30 • 19.05.13

Մոսկվայի կենտրոնում տարբեր իրավախախտումների համար ձերբակալվել են ֆուտբոլի շուրջ հարյուր երկրպագուներ, այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ РИА Новости-ին հղումով:


Մայիսի 18-ին «ԲԿՄԱ» (Բանակայինների կենտրոնական մարզական ակումբ) ֆուտբոլային ակումբի շուրջ երկու հազար երկրպագուներ հավաքվել էին Մոսկվայի «Մանեժնայա» հրապարակում՝ տոնելու իրենց թիմի հաղթանակը: «ԲԿՄԱ»-ն, ոչ ոքի խաղալով «Կուբան»-ի հետ, ժամանակից շուտ դարձել էր Ռուսաստանի պրեմիեր լիգայի հաղթող:


Ինչպես հաղորդվում է, տեսնելով, որ «Մանեժնայա» հրապարակը շրջափակված է, երկրպագուները, որպես բողոքի նշան, սկսել են շշեր նետել հատուկ նշանակության ջոկատի զինվորականների վրա: Իրավապահ մարմինների և երկրպագուների միջև ևս մեկ բախում է տեղի ունեցել քաղաքապետարանի շենքի մոտ:


Մայրաքաղաքի ոստիկանությունը պաշտոնապես չի հայտարարել, թե որ թիմի երկրպագուներն են ձերբակալվել: