Թունիսում իսլամիստների և ոստիկանության միջև բախումների հետևանքով վիրավորվել է 14 մարդ
Թունիսում սալաֆիտական «Անսար աշ-Շարիա» ծայրահեղական խմբավորման համագումարն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով: Իսլամիստները հավաքվել էին երկրի մայրաքաղաքի արվարձաններից մեկում՝ անտեսելով կառավարության արգելքները, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
«Ցույցերի ժամանակ տուժել է 11 իրավապահ, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում, և 3 ցուցարար»,-հայտնել է Թունիսի ՆԳՆ ներկայացուցիչը:
Իր ծայրահեղական հայացքներով հայտնի «Անսար աշ-Շարիա» կազմակերպությունը ծրագրում էր բազմահազարանոց կոնգրես անցկացնել Կայուան քաղաքում: Ըստ նախնական գնահատականների, կոնգրեսին ծրագրում էին մասնակցել ծայրահեղական սալաֆիտների մոտ 40 հազար կողմնակիցներ:
Սակայն կառավարությունը արգելել է այդ նախաձեռնությունը՝ քաղաք բերելով մոտ 10.000 ոստիկան և զինվոր՝ հրահանգելով կանխել արգելված միջոցառման իրականացումը:
Դրանից հետո Շարիաթի կողմնակիցները սոցցանցերում կոչ էին անում հավաքվել Թունիսի մայրաքաղաքի Ատ-Տադամուն արվարձանում: Հենց այդտեղ սալաֆիտները բախվել են ոստիկանության հետ: Կազմակերպության մոտ 500 ակտիվիստներ անվադողերից բարիկադներ են պատրաստել, վառել են դրանք և սկսել են ոստիկանների ուղղությամբ քարեր նետել: Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել և օդ կրակել:










