Associated Press-ը կարող է դատի տալ ԱՄՆ արդարադատության նախարարությանը

10:22 • 20.05.13

ԱՄՆ-ի խոշորագույն տեղեկատվական գործակալությունը ՝Associated Press-ը, չի բացառել, որ կարող է դատի տալ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությանը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով AP-ի նախագահ Գերի Փրյուիթին։

 

Սրա համար առիթ կարող է հանդիսանալ այն, որ Արդարադատության նախարարությունը գաղտնի կերպով հավաքել է գործակալության թղթակիցների հեռախոսազանգերի տեղեկությունները։ Փրյուիթն Արդարադատության նախարարության գործողությունները որակել է որպես երկրի Սահմանադրության խախտում։

 

«Ես չգիտեմ՝ որոնք են նրանց գործողությունների դրդապատճառները, սակայն ամեն դեպքում դրանք հակասահմանադրական են»,-ասել է Փրյուիթը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։

 

Նախագահի խոսքով՝ լրտեսելու վերաբերյալ սկանդալը բացասաբար է անդրադարձել AP-ի՝ սեփական աղբյուրների հետ համագործակցությանը։

 

«Իրականում մենք արդեն տեսնում ենք սկանդալի տհաճ հետևանքները։ Մի շարք պաշտոնատար դեմքեր, ովքեր սովորաբար անձի գաղտնիության սկզբունքով կոնտակտի մեջ էին մտնում մեզ հետ, այժմ խուսափում են՝ վախենալով, որ կառավարությունը կարող է հետևել իրենց»,-նշել է Փրյուիթը։