Բակո Սահակյանն Ասկերանում մասնակցել է ազատամարտիկներին նվիրված հուշարձանի բացմանը

16:57 • 20.05.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղ և մասնակցել Արցախյան ազատամարտում զոհված պատարացիներին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Իր խոսքում Բակո Սահակյանը կարևորել է հայրենիքի ազատության ու անկախության համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող նման կոթողի կառուցումը և երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ում ջանքերով իրականացվել է այդ ազգանպաստ նախաձեռնությունը։

ԼՂՀ նախագահը նշել է, որ Պատարա գյուղի բնակիչներն անձնվիրաբար մարտնչել են Արցախի բոլոր ճակատներում, իրենց դրսևորել որպես խիզախ ու քաջարի մարտիկներ և այսօր էլ ծառայում են Պաշտպանության բանակի շարքերում:

Նա վստահություն է հայտնել, որ գյուղի բնակիչները նման եռանդով կշարունակեն ապրել և աշխատել` ի փառս ԼՂՀ–ի ու ժողովրդի:

Նախագահը պետական պարգևներ և արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:

Միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: