Չեխերը միջուկային բունկերը վերածել են Սառը պատերազմի թանգարանի
Չեխական Միշով գյուղի հարևանությամբ գտնվող խորհրդային միջուկային մարտագլխիկների նախկին պահեստարանում բացվել է Սառը պատերազմի (աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական և գաղափարական առճակատում ԽՍՀՄ-ի և իր դաշնակիցների՝ մի կողմից, և ԱՄՆ-ի ու վերջինիս աջակիցների միջև՝ մյուս կողմից, որը տևել է 1946-1991թթ.) թանգարան, հայտնում է Обозреватель-ը։
Խորհրդային Միության փլուզումից հետո բունկերն օգտագործվել է որպես չեխական դրամների գանձարան։ Այնուհետև այն փոխանցվել է երկրի մշակույթի նախարարությանը, որից հետո իշխանությունները որոշել են թանգարան բացել։
Ինչպես պատմել է թանգարանի տնօրեն Վացլավ Վիտովեցը՝ ցուցադրված են խորհրդային սարքավորումների տարբեր նմուշներ, դիզելային շարժիչ և մեծ քանակությամբ հակագազեր։
Արևելյան Եվրոպայի տարածքում 12 նման պահեստարան է եղել։ Պատմաբանների խոսքով՝ գաղտնի օբյեկտ թույլ չեն տվել մտնել նույնիսկ կառավարության անդամներին, իսկ գյուղի բնակիչները նույնիսկ չեն կասկածել, որ ապրում են միջուկային զինանոցի հարևանությամբ։
Չեխիայում պարբերաբար կոչ են անում չմոռանալ կոմունիստական ռեժիմի սարսափները։ Այստեղ գործում է Կոմունիզմի թանգարան, որտեղ մանրամասն պատմում են խորհրդային առօրյայի և քաղաքականության մասին։










