Պարույր Հայրիկյանը կհրավիրվի դատարան՝ ցուցմունք տալու

14:22 • 20.05.13

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի գլխավորությամբ, սկսվել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի գործով դատական նիստը:


Հիշեցնենք, որ նախորդ՝ առաջին դատական նիստը հետաձգվել էր, քանի որ ամբաստանյալներից Խաչատուր Պողոսյանը հրաժարվել էր իր մասնավոր պաշտպանից և խնդրել իրեն տրամադրել հանրային պաշտպան:


Հիշեցնենք նաև, որ 2013թ. հունվարի 31-ի կեսգիշերին մոտ Տպագրիչների փողոցում Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ էր իրականացվել: Սպանություն կազմակերպելու մեջ մեղադրվում են Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը:


Նշենք, որ գործով մեղադրվող Վարդան Սեդրակյանը կալանավորվել է մարտի 5-ին` «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի առնչությամբ (ՀՀ Քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով՝ նախատեսված հանցագործություն կատարելը)։


Նշենք նաև, որ ապրիլի 16-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: ՀՀ ՔՕ 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը (հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով), 38-ով՝ հանցակիցների տեսակները և 305-ով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը։


Ամբաստանյալների անձնական տվյալները ճշտելուց հետո դատարանն անցավ նրանց նկատմամբ մեղադրանքների ներկայացմանը:


Մեղադրանքը երեք ամբաստանյալներից ոչ մեկը չընդունեց: Վարդան Սեդրակյանն ընդգծեց, որ ինքը սպանություն չի պատվիրել, իսկ մյուս երկու ամբաստանյալները նշեցին, որ իրենք վախեցնելու պատվեր են ունեցել, ոչ թե սպանության:


Այնուհետև Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ ապահովելու գործով տուժող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ներկայությունը դատական նիստերին:


Հայտարարված 10 րոպե ընդմիջումից հետո Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նա այժմ Հայաստանում է, բուժօգնություն է ստանում Կարմիր խաչի հիվանդանոցում և չի կարող ներկայանալ դատական նիստերին:


Այնուամենայնիվ, դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել մասնակի: Այն է՝ հաջորդ նիստին տուժողին հրավիրել դատարան՝ լսելու նրա ցուցմունքը, իսկ հետագայում նրա ներկայությունը ապահովել անհարժեշտության դեպքում: