Հնդկուհի քույրերն Էվերեստը նվաճած առաջին երկվորյակներն են
Հնդիկ ուսանողուհիներ Նունշի և Տաշի Մալիք քույրերը դարձել են պատմության մեջ առաջին երկվորյակները, որոնք նվաճել են Էվերստը, գրում է gazeta.ru-ն՝ The Times of India-ին հղումով։
Թերթը նշում է, որ լեռնագնացներին ուղեկցողները ևս երկվորյակ են եղել։
Մալիք քույրերն այդ տարածաշրջանում գտնվել են մարտից, որպեսզի ավելի լավ հարմարվեն կլիմայական պայմաններին։
Պարբերականը նաև ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ այս տարի Էվերեստ բարձրանալու թույլտվություն է ստացել 350 օտարերկրացի՝ 80-ը եղել են Հնդկաստանի, իսկ 74-ը՝ ԱՄՆ քաղաքացիներ։
2012թ.-ին բարձունքը փորձել է հաղթահարել 62 հնդիկ, սակայն հաջողության է հասել 45-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 80-ամյա ճապոնացի Յուիչիրո Միուրան դարձյալ ցանկանում է նվաճել գագաթը։
Լեռնագնացը հույս ունի, որ իրեն կհաջողվի հերթական ռեկորդը սահմանել և դառնալ աշխարհի ամենածեր մարդը, որը բարձրացել է Էվերեստը։ Եթե ամեն ինչ նախատեսվածի նման ընթանա, ապա Միուրան լեռնագագաթը կհաղթահարի մայիսի 24-ին։










