Իսրայելը France 2-ից պահանջել է ուղղել 2000թ.-ին եթեր հեռարձակված ռեպորտաժը
Իսրայելը ֆրանսիական France 2 հեռուստաընկերությունից պահանջել է շտկել 12-ամյա պաղեստինցի Մուհամեդ ալ-Դուրայի մահվան մասին ռեպորտաժը, որը եթեր է հեռարձակվել 2000թ.-ի սեպտեմբերին, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Նման պահանջ է պարունակել մայիսի 19-ին Իսրայելում աշխատանքային խմբի հաշվետվությունը, որը պարզաբանել է ալ-Դուրայի մահվան մասին ռեպորտաժի պատրաստման հանգամանքները։
2000թ.-ի սեպտեմբերի 30-ին France 2-ի լրագրող Չարլզ Էնդերլին և օպերատոր Աբու Ռահման նկարահանել են զինյալների փոխհրաձգությունը և իսրայելցի զինվորականներին Գազայի հատվածում։
Կադրում հայտնվել են երկու պաղեստինցիներ՝ Ջամալ ալ-Դուրան և նրա որդին՝ Մուհամեդը, որոնք հայտնվել էին փողոցում ընթացող փոխհրաձգության մեջ։ Տեսանյութի հեղինակների պնդմամբ՝ հայրը վիրավորվել էր, իսկ որդին՝ սպանվել։
Մահվան կադրերը տեսանյութում չէին երևացել, ցուցադրվել էր միայն երեխայի մարմինը՝ մեկնաբանությամբ, որ նա մահացել է իսրայելյան գնդակից։
France 2-ի ռեպորտաժը ողջ աշխարհում մեծ աղմուկ էր բարձրացրել։ Իսրայելը նախ ներողություն էր խնդրել ալ-Դուրայի մահվան համար, սակայն մի քանի անկախ լրագրողներ հետաքննել էին դեպքն ու եզրակացրել, որ երեխան սպանվել է պաղեստինցի զինյալների կողմից։
2012թ.-ին Իսրայելի վարչապետը հանձնարարել էր հետաքննություն սկսել France 2-ի եթերում այդ տեսանյութի հայտնվելու հանգամանքները ճշտելու համար։
36 էջանոց զեկույցում ոչ միայն նշվում է, որ իսրայելցի զինվորականները կապ չեն ունեցել ալ-Դուրայի մահվան հետ, այլև կասկածի տակ է դրվում այն փաստը, որ տղան և նրա հայրը վիրավորվել են այն պահին, երբ նկարահանվում էր ռեպորտաժը։
Տեսագրությունն ուսումնասիրողները ենթադրում են, որ նկարահանման ընթացքում տղան դեռ ողջ է եղել։
Զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ France 2 հեռուստաընկերության հեռարձակած տեսանյութը վնաս է հասցրել Իսրայելի հեղինակությանը, ինչպես նաև մի քանի տարի հրահրել է զինյալ իսլամիստների հարձակումները և ծառայել ահաբեկչությունն ու հակասեմականությունն արդարացնելուն»։
Որպես վնասի փոխհատուցում՝ առաջին քայլը լինելու է ռեպորտաժի փոփոխված տարբերակի պատրաստումը։










