Կասպարովը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ և ասել, թե ինչպես կարելի է նրանից խլել իշխանությունը
Շախմատիստ, շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը, ով աշխարհում հակապուտինյան ընդդիմության ամենաճանաչելի ներկակացուցիչն է, ըստ El Pais-ի, հարցազրույց է ունեցել պարբերականի հետ:
El Pais-ն Կասպարովին անվանել է Պուտինի նվազ խոցելի հակառակորդներից մեկը (այն դեպքում, երբ նրան դեմ դուրս եկած անձինք կամ հեռանում են երկրից, կամ հայտնվում բանտում):
Անցած շաբաթ Օսլոյում՝ Ազատության ֆորումում, որի հիմնադիրներից մեկն էլ ինքն է, Կասպարովը կրկին քննադատել էր մարդու իրավունքների վիճակը Ռուսաստանում:
«Ռուսաստանը ավարտում է անցումը մեկ կուսակցության բռնապետությունից դեպի մեկ անձի բռնապետություն: Դա վատ լուր է, բայց նաև՝ լավ. հոգեվարք է, ռեժիմը նվազ ճկուն է դարձել», - ասել է նա El Pais-ին:
Կասպարովը նաև կանխատեսում է արել, որ «առաջիկա 2-3 տարիներին մենք ականատես կլինենք զանգվածային պոռթկման [Ռուսաստանում], սակայն դա երկրին թանկ կարժենա»:
Ըստ նրա՝ Պուտինն իշխանությանը կառչած կմնա մինչև վերջ: Նրա իշխանությունը Կասպարովն անվանել է ոչ լեգիտիմ և քաղաքացու կարծիքը հաշվի չառնող: Պուտինին նա համեմատել է Հիտլերի հետ և ասել, որ 75 տարի առաջ էլ նրա հետ էին փորձում բանակցել, այնինչ դիկտատորների հետ չեն բանակցում:
Կասպարովն ասել է, որ Պուտինից իշխանությունը հնարավոր է առնել միայն փողոցներում զանգվածային մանիֆեստացիաների միջոցով:
Զրուցակիցը նշել է, որ բոլոր բռնապետները՝ Ռուսաստանում, Վենեսուելայում, Իրանում, Հյուսիսային Կորեայում, Սիրիայում, սատարում են միմյանց: Սակայն դա խորհրդային կայսրության վերածնունդ չէ: «Ամեն ինչ փողի և իշխանության վրա է հիմնված, ոչ գաղափարախոսության», - նշել է նա:










