Վարչապետը խոստովանեց, որ Հայաստանում մենաշնորհներ կան

15:10 • 20.05.13

ԱԺ նիստի ժամանակ այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանեց, որ Հայաստանում կան մենաշնորհներ ի պատասխան ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցի, թե Հայաստանում արդյոք կա՞ն մենաշնորհներ և եթե ոչ, ապա ինչո՞ւ է Կառավարությունը 4 տարի ծրագրեր իրականացնում մենաշնորհների դեմ պայքարի համար։

«Իհարկե, Հայաստանի Հանրապետությունում կան մենաշնորհներ, դրա համար էլ ստեղծված են պետական համապատասխան կառույցներ»,- ասաց նա և նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթն է կարգավորել այն բնագավառները, որտեղ կան մենաշնորհներ, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործառույթն է, եթե այս կամ այն ոլորտում կա գերիշխող դիրք, բացահայտվեն և թույլ չտրվեն չարաշահումներ։

«Այս պահի դրությամբ աշխատում ենք միջազգային կառույցների հետ եվրոպական լավագույն չափորոշիչները բերել Հայաստան։ Մեր առաջարկությունը նախորդ տարիներին լիազորություններն ընդլայնելու համար կայանում էր նրանում, որ հանձնաժողովը չունի համապատասխան ֆունկցիա, հետաքննություն, հետախուզություն, և դրանք շատ զգուշավոր պետք է լինեն»,- ասաց նա։

Ալեքսանդր Արզումանյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին, որ չհերքեց ակնհայտը։ «Եվ հուսով եմ հանձնաժողովի նախագահին էլ այդ մասին տեղյակ կպահեք, որ չհերքի»,- զգուշացրեց պատգամավորը։