Շվեդիայում անկարգությունների ընթացքում այրվել է շուրջ 100 մեքենա
Ստոկհոլմի հյուսիսում անկարգությունների ընթացքում այրվել է մոտ 100 մեքենա, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին: Անկարգությունները սկսվել են կիրակի երեկոյան և շուտով վերաճել են ոստիկանության հետ բախումների:
Ենթադրվում է, որ անկարգությունների պատճառ է հանդիսացել մայրաքաղաքային Հյուսբյու թաղամասի բնակչի մահը, ով գնդակահարվել էր ոստիկանության կողմից մայիսի 14-ին: 69-ամյա տղամարդն իր մոտ թուր է ունեցել և սպառնացել է ոստիկաններին:
Ըստ ոստիկանության տվյալների, անկարգությունների մասնակցել է 50-60 երիտասարդ: Նրանք այրել են դրսում և ավտոտնակներում կայանված մեքենաները: Հրդեհի պատճառով տարհանվել է մոտ 50 մարդ: Այն բանից հետո, երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, երիտասարդները սկսել են քարեր նետել իրավապահների ուղղությամբ: 3 ոստիկան վիրավորվել է:
Հյուսբյու թաղամասը, որտեղ տեղի են ունեցել անկարգությունները, հիմնականում բնակեցված է ուրիշ երկրներից եկած մարդկանցով: Ըստ 2007 թվականի տվյալների, թաղամասի 10.000-ից ավել բնակչության 80%-ը ներգաղթյալներ էին:










