ԱՄՆ 3 նահանգներում 20 տորնադո է մոլեգնում, տարհանվել է մեկ օդանավակայան

08:43 • 20.05.13

ԱՄՆ Կանզաս, Օկլահոմա և Այովա նահանգներում շուրջ 20 տորնադո է մոլեգնում։ Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է ԱՄՆ ազգային-օդերևութաբանական ծառայությունը։


Օկլահոմա նահանգի Շաունի քաղաքում, լրատվամիջոցների տվյալներով, զոհվել է մեկ մարդ։ Քանդվել են ավելի քան 100 բնակելի տներ։ Էներգամատակարարման գծերի խափանման հետևանքով մոտ 10 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային բազմաթիվ պատահարներ։


Տորնադոյի վտանգով պայմանավորված՝ Կանզաս նահանգի ամենամեծ Վիչիտա քաղաքի օդանավակայանը տարհանվել է, չեղյալ են համարվել ավիաթռիչքներ։


Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել դուրս չգալ փողոց և մնալ հատուկ ապաստարաններում։