Սիրիայի օդուժը հարձակման է ենթարկել Լիբանանի հետ սահմանին գտնվող զինյալների վերջին հենակետը
Սիրիական զորքերը կրակային պատրաստություն են անցկացնում՝ Ալ-Կուսեյր բնակավայրի վերջին հենակետերը գրոհելուց առաջ, որոնք տեղակայված են Լիբանանի սահմանից 10 կմ հեռավորությամբ։
Օդուժը հարվածներ է հասցնում հակառակորդի դիրքերին, շարունակվում է նաև հրետանային հարվածը։
«Ջեբհաթ ան-Նուսրա» զինյալ ծայրահեղական խմբավորումը դեռևս դիմադրություն է ցույց տալիս Ալ-Կուսեյրի արևմտյան և հյուսիային մասերում։ Քաղաքը բոլոր կողմերից շրջափակված է բանակային ստորաբաժանումներով։
Վաղ առավոտյան սիրիացի զինծառայողները հետ են մղել հարևան Լիբանանի տարածքից զինյալների՝ Ալ-Կուսեյր ներթափանցելու փորձը։
Վերջին 48 ժամում, «Ալ-Վաթան» գործակալության տվյալներով, Ալ-Կուսեյրում տասնյակ ահաբեկիչներ են ոչնչացվել։
Նրանցից ավելի քան 100-ը կանացի հանդերձանքով փորձել է լքել քաղաքը խաղաղ բնակիչների համար նախատեսված անվտանգության միջանցքով, սակայն նկատվել և ձերբակալվել են սիրիական իշխանությունների կողմից։ Նրանց շարքերում եղել են արաբական տարբեր երկրներից վարձկաններ։ Մոտ 200 զինյալներ հանձնել են զենքերը։
Ալ-Կուսեյրը, որն ավելի քան 1 տարի գտնվում էր զինյալների ձեռքում, կարևոր ռազմավարական նշանակություն ունի։
Զինյալներն այնտեղից սպառնում էին տրանսպորտային հաղորդակցությանը, որը Դամասկոսի շրջանը կապում է Հոմսին։
Այդ տարածքներում բնակվում են մեծաթիվ ալևիներ՝ կրոնական համայնք, որին պատկանում է նաև նախագահ Բաշար ալ-Ասադը։
Մայրաքաղաքից 164 կմ հեռավորությամբ գտնվող Ալ-Կուսեյր բնակավայրը հակակառավարական ուժերի զինման մեկնարկային կետն էր համարվում։










