Հայերը չինացիների միջոցով Ռուսաստանում կեղծ Chanel կոշիկներ են արտադրել
Ուրալի Ատիգ գյուղում հայտնաբերվել է կեղծ կոշիկի արտադրության խոշորագույն արտադրամաս։ Երբ ոստիկանները մտել են այնտեղ՝ հայտնաբերել են Chanel ֆիրմային նշանով բազմաթիվ կոշիկներ, տեղեկացնում է Российская газета-ն։
Գործողության ընթացքում ընդհանուր առմամբ 3.600 զույգ կոշիկ է հայտնաբերվել։ Կեղծ արտադրանքի նմուշներն ուղարկվել են փորձաքննության։ Հասցված կոնկրետ վնասի չափը ճշտվում է։
Ֆրանսիական ֆիրմային կոշիկի կեղծ տարբերակները պատրաստվել են Ատիգի հեծանիվների նախկին գործարանի տարածքում, որը սնանկացել էր 2000-ականների սկզբներին։
Աղբյուրի տվյալներով՝ արտադրամասը գործել է առնվազն 5 տարի։ Պաշտոնապես նշվել էր, որ չինացիներն այնտեղ ռետինե հողաթափեր են արտադրում։
Գյուղի բնակիչները պատմել են, որ չինացիները փակ կյանքով էին ապրում, գրեթե դուրս չէին գալիս, իսկ անծանոթներին չէին թողնում տարածք։ Միշտ թվում էր, թե նրանք օրինական են աշխատում և վճարում են հարկերը։
Գործողության ընթացքում պարզվել է, որ այդ «բիզնեսի» նախաձեռնողները Հայաստանի մի խումբ քաղաքացիներ են։ Սակայն կոշիկ կարելու համար, իրոք, աշխատել է մոտ 100 չինացի։
Սանիտարական նորմերն ու տեխնիկական անվտանգության պահանջներն այստեղ բավարար չեն եղել։ Արտադրամասում քիմիական նյութերի տհաճ հոտ է եղել, և աշխատակիցներն այնտեղ կարողացել են մնալ միայն պաշտպանիչ դիմակներով։ Ճշտվել է նաև, որ թափոնները, առանց մաքրվելու, ուղղակիորեն գետն են լցվել։
Օտար աչքերից հեռու մնալու համար տարածքը 3 մետրանոց պարիսպներով պարսպապատված է եղել։ Դրանում օտարերկրյա աշխատողները բնակվել են բարաքներ հիշեցնող տներում։ Աշխատակազմը հետևել է նրանց ամեն քայլին՝ ամենուր տեսահսկման համակարգեր են եղել։
Հատուկ գործողության ընթացքում գործարանի ողջ արտադրանքն առգրավվել է։










