Գազի սակագնի թանկացումը անտառի վերջնական կորստի է հանգեցնելու. բնապահպաններ
Գազի սակագնի թանկացումը բերելու է Հայաստանի անտառածածկ հատվածի կորստի, որն առանց այն էլ վատ վիճակում է: Tert.am-ի հետ զրույցում թե՛ «Համահայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանը և թե՛ «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Նազելի Վարդանյանը բառացիորեն գրեթե նույն բանն ասացին:
Որ գյուղական համայնքների բնակչության մեծամասնությունն առանց այն էլ վերջին տարիներին անցել է փայտանյութ վառելուն, իսկ գազի սակագնի վերջին թանկացումից հետո դրան կանցնի նաև քաղաքային բնակչությունը, ակնկալելի է:
«Գյուղերում արդեն վաղուց փայտանյութ են օգտագործում, հիմա գազը թանկացավ, Երևանում էլ են փայտ վառելու»,- ասաց Նազելի Վարդանյանը:
Իր հերթին Լևոն Գալստյանն էլ նշեց. «Գյուղերում էդքան սեփական տները գազով տաքացնելը երևի մի քանի տոկոսն է ունակ տաքացնել, իսկ նորից թանկանալու դեպքում գյուղական բնակչության երևի 100 տոկոսը կանցնի դրան: Ինչպես նաև քաղաքային բնակչության ինչ-որ մի տոկոսը: Սա շատ բնական է, որովհետև այդ եկամուտները հայ ժողովուրդը չունի»:
ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ 2011թ. Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում էր 8 տոկոս, սակայն հետագայում այս թիվը վերանայվեց և դարձվեց 11 տոկոս, ինչը, ըստ Նազելի Վարդանյանի, համապատասխանում է 1991թ. ցուցանիշին:
«Հնարավոր չի դա։ Իմ հաշվարկով լավագույն դեպքում 6-7 տոկոս է կազմում: Հնարավոր չի, որովհետև էդքան հատվել է ու էդքան չի տնկվել: «Հայանտառը» հիմնականում գրանտներով է ծառ տնկում: Մեր կազմակերպությունը, օրինակ՝ 740 հեկտար է տնկել, բայց դա ոչինչ է, ծովում կաթիլ է, քանի որ միայն 2003թ. երեք միլիոն ապօրինի հատում է եղել՝ 50 հազար խորանարդ մետր թույլտվության դեպքում: Էդ ինչքա՞ն պետք է տնկել, որ անտառ դառնա»,- ասաց բնապահպանը:
Նրա խոսքով՝ հիմա էլ տարեկան 500 հազար խորանարդ մետր ապօրինի ծառահատում է կատարվում:
Լևոն Գալստյանն էլ ուշադրություն հրավիրեց Chartsbin առցանց ծառայության կազմած վերջին քարտեզի վրա, ըստ որի՝ Հայաստանում անտառածածկ տարածքը կազմում է 9, 3 տոկոս:
Նազելի Վարդանյանի գնահատմամբ՝ տարբեր նախաձեռնությունների շրջանակներում կազմակերպվող ծառատունկերը առանձնապես ոչինչ չեն տալիս, քանի որ՝ «միայն ծառ տնկելով չէ, որ անտառ է դառնում, այն խնամել է պետք»:
«Անտառը երեխայի պես բան է, նրան պետք է հինգ-վեց տարի խնամես, ջրես»,- ասաց բնապահպանը:
Նշենք, որ «Համահայկական բնապահպանական ճակատի» ղեկավարը Facebook-ի իր էջում կոչ է տեղադրել, որում նշված է, որ՝ «գազի թանկացումը Հայաստանը հայաթափ անելու ամենաշոշափելի ու անվարան քայլերից մեկն է»:
Այս կոչով առաջարկվում է մեկ ամիս բոյկոտել գազի օգտագործումը, որպեսզի, ինչպես ձևակերպված է «հարվածել ստրկատերերի ամենացավոտ տեղին` քսակին»: Այնուհետև ասվում է՝ «այնուհետեւ ամեն թանկացման պատասխանը կլինի ստրկական Հայաստան աշխարհի սպարտայացումը»:










