Գաբալայի ՌՏԿ-ն փակվել է ոչ միայն ֆինանսական պատճառներով. Независимая Газета-ի անդրադարձը

11:33 • 21.05.13

Մոտ ապագայում նախատեսվում է ավարտել ռուս-ադրբեջանական պետական հանձնաժողովների գործունեությունը, որոնք ստեղծվել էին 2012թ.-ի դեկտեմբերին ավարտված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության պայմանագրի երկարաձգման նպատակով։

Ինչպես գրում է Независимая Газета-ն՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ադրբեջանական հանձնաժողովի ղեկավար, երկրի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ Նրա խոսքով՝ բոլոր անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներն ավարտվել են։

 

«Մնացել է միայն ավարտին հասցնել Ռուսաստանի շարժական գույքն Ադրբեջանից հանելու գործընթացը։ Դրա համար կազմակերպվել են հատուկ բեռնատար ինքնաթիռների թռիչքներ դեպի Գաբալա։ Գործում են նաև բոլոր անհրաժեշտ ծառայությունները, ստեղծվել է հատուկ մաքսային ծառայություն»,-ասել է Խալաֆ Խալաֆովը։
 

Նա, մասնավորապես, նշել է, որ ռուսական կողմի հետ բոլոր հարցերի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։

 

Ինչպես «НГ»-ին ասել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության աղբյուրը, ռուսական գույքի դուրսբերումն իրականացվում է Ադրբեջանի ներքին զորքերի պահպանությամբ։  Ընդհանուր առմամբ, գործընթացն ամբողջությամբ կավարտվի ընթացիկ տարվա օգոստոսին։

 

Հարկ է նշել, որ Գաբալայի ՌՏԿ-ն Ռուսաստանի միակ ռազմական օբյեկտն էր Ադրբեջանի տարածքում։ Ըստ էության՝ դա ռազմաբազա է, սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ երկրի Սահմանադրությունն արգելում է երկրի տարածքում օտարերկրյա ռազմական բազաների տեղակայումը, Բաքուն և Ռուսաստանն այդ օբյեկտին տվել էին տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կարգավիճակ։

 

Կենտրոնը ռուսական կողմն օգտագործում էր միայն տեղեկատվական-վերլուծական նպատակներով։ Մոսկվան ամեն տարի 7 մլն դոլար վարձավճար էր վճարում։

 

Այսօր տարբեր գնահատականներ են հնչում Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության ժամկետը չերկարաձգելու պատճառների մասին, որոնցից մեկն էլ վարձավճարի չափին է առնչվում։ Սակայն ադրբեջանցի փորձագետները հակված չեն մտածել, թե պատճառն այդքան պարզ է։ Վերլուծաբան Էմին Աբդուլլաևի կարծիքով՝ «անցել է ժամանակը, երբ Ադրբեջանը տասնյակ, անգամ հարյուրավոր միլիոններն աստղաբաշխական գումար էր համարում»։
Այսինքն՝ սա, ամենայն հավանականությամբ, սկզբունքի հարց էր։

Հարցն այն է, որ Բաքուն, հասկանալի պատճառներով, չէր կարող անտարբեր լինել Մոսկվայի՝ Երևանի հետ առավել բարենպաստ պայմաններով ռազմական համագործակցությանը։

 

«Եթե Հայաստանը Ռուսաստանին 102-րդ բազան տրամադրում է անվճար և դրա փոխարեն ստանում С-300 զենիթահրթիռային համակարգեր, ապա ինչո՞ւ Ադրբեջանը Ռուսաստանից այդ համակարգերը գնելով 300 միլիոն դոլարով՝ չի կարող նույնքան փոխհատուցում ստանալ ՌՏԿ-ի վարձակալության դիմաց»,-հարցնում է Էմին Աբդուլլաևը։

 

Ի դեպ, այս տեսակետը նոր չէ։ «Россия-24» հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու պատճառ է նշել, որի հիման վրա Բաքուն ցանկացել է բարձրացնել վարձավճարի չափն Ադրբեջանի գեղատեսիլ անկյուններից մեկում գտնվող մոտ 300 հեկտար տարածք զբաղեցնող կայանի համար։


Ինչպես նշել է Ալիևը, այդ գումարն ինչ-որ աստիճանի կփոխհատուցեր նաև անցյալ 10 տարվա համար, քանի որ այդ ժամանակահատվածում Ադրբեջանը երբեք չի բարձրացրել գնի վերանայման հարցը, չնայած բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանում, հասկացել են, որ «գումարը, մեղմ ասած, խորհրդանշական էր»։
 

Միաժամանակ գինը բարձրացնելու ցանկությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ վերջին 5-6 տարվա ընթացքում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունն աճ է գրանցել, սակայն զինտեխնիկան Ադրբեջանը գնում է շուկայական գնով։ «Մենք կարծում ենք, որ եթե գնում ենք շուկայական գնով, եթե մյուս բոլոր հաշիվներն անում ենք շուկայական գնով, ապա վարձակալության գինը ևս պետք է համապատասխան, կամ մոտ լինի դրան»,-ասել էր Ալիևը։


Նա ընդգծել էր, որ Բաքվի առաջարկությունը չընդունելով՝ Մոսկվան մտադիր չէ հետագայում սրել իրավիճակը։