Ադրբեջանը հույս ունի՝ ԼՂ հարցի բանակցային փուլում առկա լճացումը կհաղթահարվի. Մամեդյարով
Այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում է ունեցել ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, տեղեկացնում է Взгляд-ը։
«Մենք այսօր քննարկել ենք Լեռնայի Ղարաբաղի խնդրի կարգավորումը։ Հաշվի առնելով Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանում և դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ, մենք ակնկալում ենք, որ լճացման գործընթացը բանակցային գործընթացում կհաղթահարվի»,-ասել է Մամեդյարովը։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանում այս տարի ակնկալվող ընտրական գործընթացների ավարտից հետո անհրաժեշտ կլինի կրկնապատկել կարգավորման ուղղությամբ ջանքերը։
Սերգեյ Լավրովը, իր հերթին, նշել է, որ Մոսկվան անընդունելի է համարում Ղարաբաղյան հարցում առկա իրավիճակը, քանի որ այն փաստացի տնտեսական շրջափակման է ենթարկում Հայաստանին։
«Ստատուս քվոն, անխոս, անընդունելի է։ Դա անընդունելի է բոլորի համար՝ նախևառաջ Ադրբեջանի և Հայաստանի, և բոլոր նրանց, ովքեր բնակվում են Ղարաբաղում։ Ստատուս քվոն նշանակում է ոչ միայն հարցի լուծված չլինելը, այլ նաև տնտեսական շրջափակում՝ Հայաստանի համար»,-ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի առաջնահերթություններից մեկը Կովկասում կայունության հաստատումն է, և դրա համար էլ Մոսկվան անելու է անհրաժեշտը՝ իրավիճակից դուրս գալու համար։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ այս դեպքում չի կարելի շտապել գնահատականներ տալ, ասելով, որ եթե լճացում է, ապա ոչինչ չի ստացվի. «Ամեն ինչ կստացվի, եթե փնտրենք փոխզիջումային լուծումներ»։
«Մենք շարունակում ենք աշխատանքը։ Մի քանի օր առաջ տեղի է ունեցել երկու նախարարների (Հայաստանի և Ադրբեջանի նախարարների) հանդիպումը։ Այդ գործընթացին պետք է աջակցել։ Ոչ ոք չի պատրաստվում ձեռքերն իջեցնել։ Մենք օգնելու ենք այդ խնդրի համար լուծումներ գտնելու հարցում»,-ասել է Լավրովը։
Նա նշել է, որ արդեն վաղը տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Իր հերթին Էլմար Մամեդյարովը բարձր է գնահատել ՌԴ դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և հիշեցրել, որ Բաքվի համար անընդունելի է առկա ստատուս քվոն։










