Մինսկի բնակիչները ստորագրահավաք են սկսել հայկական եկեղեցու կառուցման դեմ

13:18 • 21.05.13

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հայկական համայնքի՝ սեփական եկեղեցին կառուցելու ցանկությունը վերածվել է քաղաքաշինական կոնֆլիկտի, գրում է realt.onliner.by-ը։

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարության համար քաղաքային իշխանությունները հողատարածք են առաջարկել Ստոլետովա փողոցում։ Այդ լուրը տեղի բնակիչները դժգոհությամբ են ընդունել։

Նրանք վստահեցնում են, որ հարգում են հավատացյալ հայերի կրոնական զգացմունքները, սակայն չեն ցանկանում, որ եկեղեցին կառուցվի կանաչապատ տարածքում։

 

Եկեղեցու նախագծի շնորհանդեսը կայացել է դեռևս ապրիլի 17-ին։ Այնուհետև շրջանի վարչակազմը գրավոր նկատողություններ և առաջարկներ է ստացել։

 

«Մեր շրջանում շատերը հավանություն չեն տալիս այդ շինարարությանը։ Երեք ժամում ես և ամուսինս խանութի հարևանությամբ 500 ստորագրություն ենք հավաքել։ Տեղի բնակիչներն անտարբեր չեն, և մենք հույս ունենք, որ մեր կանաչ անկյունը, այնուամենայնիվ, կպահպանվի»,- ասել է տեղի բնակչուհի Ելենա Ավիլովան։

 

Տարածքում ստորագրահավաք է իրականացնում մի քանի մարդ։ Իր ներդրումն ունի նաև ուղղափառ համայնքը (նշվում է, որ ժամանակին այստեղ նրանք ուղղափառ եկեղեցի են ցանկացել կառուցել, սակայն շրջանի ղեկավարությունը չի աջակցել գաղափարին)։

«Շրջանային վարչությունում մեզ հետևյալ թվերն են ներկայացրել՝ հայկական եկեղեցուն կողմ է 500 մարդ, դեմ՝ 900։ Դեռևս ամեն ինչ մեր օգտին է, սակայն հասարակական քննարկման արձանագրությունը դեռ պատրաստ չէ»,- նշել է Ելենան։

 

Նրա խոսքով, այն դեռևս չեն ստորագրել հայկական համայնքի ներկայացուցիչները։


Հայկական համայնքը, իր հերթին, բոլոր ուժերը ներդնում է, որպեսզի եկեղեցին կառուցվի։ «Խնդիրն այն է, որ ժողովրդի մի մասը չի հասկանում, թե ինչ կրոն ունեն հայերը։ Երբ կարդում էի ստորագրությունները, տեսնում էի, որ որոշ մարդիկ կարծում են, թե հայերը մուսուլման են և պատրաստվում են մզկիթ կառուցել։ Հենց այդ անտեղյակությունից էլ մասամբ առաջանում են բողոքի ձայները»,- ասել է համայնքի ներկայացուցիչներից մեկը։

 

Եկեղեցու կառուցման վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեն։