Մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի այցը Միացյալ Թագավորություն, քննարկվել է նաև ԼՂ խնդիրը
Մեկնարկել է ՀՀ արտգործնախարարի այցելությունը Միացյալ Թագավորություն, որի ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման ուղիները, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը։
ՀՀ արտգործնախարարի այս մեկնարկել է մայիսի 20-ին՝ Վեստմինստերյան աբբայությունում անհայտ զինվորի հուշարձանին և հայ ժողովրդի բարեկամ, 19-րդ դարի բրիտանական ականավոր պետական գործիչ, ՄԹ նախկին վարչապետ Ուիլյամ Գլադստոնի շիրիմին ու նրա հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ։
Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ:
Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Ուիլյամ Հեյգն ասել է, որ երկու տարի առաջ՝ Հայաստանի ԱԳ նախարարի նախորդ այցից ի վեր, երկկողմ հարաբերություններում դրական առաջընթաց է գրանցվել՝ հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, ակտիվացել են գործարարների միջև կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման և ընդլայնման համար։
Էդվարդ Նալբանդյանն ու Ուիլյամ Հեյգը հանգամանալից քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթանման, միջազգային կառույցներում փոխգործակցության, գործարար կապերի ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ասել է, որ հայ-բրիտանական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն, որը համատեղ ջանքերով կարելի է առաջ մղել և կարևորել է տարբեր ոլորտներում վերջին շրջանում համագործակցության ակտիվացումը:
Նախարարներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին: Այս առումով Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը ողջունել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ամրապնդման ուղղությամբ արձանագրված առաջընթացը:
ՀՀ և ՄԹ արտգործնախարարները հանգամանալից մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:
Զրուցակիցները մանրամասն քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը, ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի և կառուցողականության դրսևորման պարագայում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում։
Այս ենթատեքստում ՄԹ արտաքին գործերի քարտուղարը իր երկրի աջակցությունն է հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Լորդերի պալատում կառավարության խոսնակ լորդ Ուիլյամ Ուոլեսի հետ, որի ընթացքում քննարկման առարկա են դարձել եվրոպական օրակարգի հարցերը, հայ-բրիտանական հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ:
Հայաստանի արտգործնախարարի լոնդոնյան օրակարգը ներառում էր նաև հանդիպումներ ՄԹ խորհրդարանում: Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ Ֆրանսես դ՛Սուզայի հետ, որին մասնակցել է նաև Լորդերի պալատի անդամ, հայ-բրիտանական բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանը, գոհունակությամբ նշվել, որ վերջին տարիներին այդ ձևաչափով կապերն ակտիվացել են:
Լորդերի պալատի խոսնակի խնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայկական սփյուռքի դերակատարությունը Հայաստանի զարգացման գործընթացում:
ՄԹ մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաև Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկ, որտեղ հանդիպում է ունեցավ բանկի ղեկավար անձնակազմի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին, ներդրումային դաշտին, գործարար միջավայրին, մտքեր են փոխանակվել տնտեսական զարգացման վրա տարածաշրջանային խնդիրների ազդեցության շուրջ։
Եվրախորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին և ծրագրերի քննարկմանն է նվիրված եղել Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ղեկավար Ռոբերթ Ուոլթերսի հետ։
Բրիտանական խորհրդարանում նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել տարբեր կուսակցությունների ներկայացնող, Հայաստանի հետ բարեկամական խմբին անդամակցող խորհրդարանի մի շարք անդամների հետ։
Շուրջ երեք ժամ տևած հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում հայ-բրիտանական համագործակցության, Հայաստան–ԵՄ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը բրիտանացի խորհրդարանականներին մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։










