2012թ-ին ՀՀ դատարաններն ազատազրկել են Եհովայի վկաներին, պաշտոնյաները, սակայն, չեն խոչընդոտել նրանց հավաքները. Պետդեպի զեկույցը
ԱՄՆ Պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն երեկ հրապարակել է աշխարհի 199 երկրներում և տարածքներում կրոնական ազատության վիճակի վերաբերյալ ամենամյա՝ 2013թ-ի զեկույցը, որում առանձին անդրադարձ կա նաև Հայաստանին:
Մեր երկրին վերաբերող հատվածում նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում` 2012թ-ի ընթացքում, շարունակել են հաղորդագրություններ ստացվել կրոնական ազատության իրավունքի խախտումների վերաբերյալ: «Այլընտրանքային ծառայության մասին օրենքը կրոնական նկատառումներով զինվորական ծառայությունից խուսափող անձանց, պետական հանձնաժողովի թույլտվությամբ, հնարավորություն է տալիս մարտական զինվորական ծառայության փոխարեն ոչ մարտական զինվորական կամ աշխատանքային ծառայություն անցնել: Օրենքն ուժի մեջ մտավ 2004թ. և տարածվում էր հետագա զորակոչիկների և զորակոչից խուսափելու համար բանտում հայտնված անձանց վրա: 2006թ-ին, սակայն, Քրեական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, որոնց համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը որակվեց որպես քրեորեն պատժելի արարք: Այնուհանդերձ, կրոնական նկատառումներով զինվորական ծառայությունից հրաժարվող անձինք զինվորական հսկողության ներքո ընթացող այլընտրանքային աշխատանքային ծառայությունը շարունակում են համարել անընդունելի.... Գրանցված կրոնական կազմակերպությունների մեծ մասը հայտնել է, որ գործունեությունն իրականացնելիս իրավական էական խոչընդոտների չի հանդիպել, այդուհանդերձ, Եհովայի վկաները տեղեկություն են տարածել, ըստ որի՝ 8 Եհովայի վկաներ պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար ազատազրկման են դատապարտվել. հաշվետու ժամանակահատվածում նրանք կրում էին իրենց պատիժը: 8-ից 4-ը դատապարտվել էին 24 ամսվա ազատազրկման, մնացած 4-ը՝ 30 ամսվա: 15 Եհովայի վկաներ էլ դատապարտվել են 24 կամ 30 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն հաշվետու ժամանակահատվածում ազատության մեջ էին, քանի որ սպասում էին իրենց վճիռների բողոքարկման արդյունքներին:
Եվս 17 Եհովայի վկաների գործեր հաշվետու ժամանակահատվածում նախաքննության փուլում էին (նմանատիպ գործերով), իսկ 9 անձի նկատմամբ դատաքննություն էր իրականացվում: Եհովայի վկաների հաղորդագրության համաձայն՝ տարվա վերջի դրությամբ իրենց 31 անդամներ գտնվել են բանտերում՝ կրոնական համոզմունքների պատճառով պարտադիր զինվորական կամ ՊՆ հսկողությամբ իրականցվող այլընտրանքային աշխատանքային ծառայությունից հրաժարվելու պատճառով:
Հունվարի 16-ին Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Եհովայի վկա Անդրանիկ Մակվեցյանի դատավճիռը, ըստ որի՝ նա մեղավոր էր ճանաչվել Հայ առաքելական եկեղեցու քահանա Արտակ Արթենյանի իրավունքները խախտելու համար, այն է՝ եկեղեցու տարածքում «քարոզչություն իրականացնելը» և «Մակվեցյանի կողմից հոգեորսություն իրականացնելը կանխելը»: Դիտորդները, սակայն, զեկուցում են, որ ՀՀ օրենսդրության մեջ նման իրավունք սահմանված չէ: Մակվեցյանը 6-ամսյա պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել (Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա տեր Եսային` Արտակ Աշոտի Արթենյանը, տեսել էր, որ Եհովայի վկաներ Անդրանիկ Մակվեցյանը և Սամվել Գրիգորյանը քարոզում են եկեղեցու բակում, մոտեցել էր նրանց ու պահանջել լքել եկեղեցու տարածքը: Նրանք հրաժարվել և վիճաբանության մեջ էին մտել քահանայի հետ….):
Փաստաթղթում նշվում է, որ, ի տարբերություն նախորդ տարիների, հաշվետու ժամանակահատվածում Եհովայի վկաները հավաքներ անցկացնելիս պետական պաշտոնյաների կողմից խոչընդոտների չեն հանդիպել: «Թեև Հայաստանի օրենսդրության համաձայն հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է, այդուհանդերձ Հայ Եկեղեցու պատմությունը ներառված է հանրակրթական առարկաների ցանկում և դասավանդվում է հանրակրթական դպրոցի ուսուցիչների կողմից: Հայաստանյայց եկեղեցին իրավունք ունի մասնակցել այդ առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքերի մշակմանը.... Փետրվարի 18-ին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ հրավիրված կլոր սեղանի ժամանակ, կրթության նախարարը (կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը-Tert.am) հայտարարել էր, որ հանրակրթական դպրոցներում դասավանդվող «եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչները կվերապատրաստվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կենտրոններից մեկի կողմից: Այդ առարկան դասավանդող ուսուցիչները հաշվետու ժամանակահատվածում արդեն վերապատրաստվում էին եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում:
Հուլիս ամսին «Համագործակցության հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպությունը հանրակրթական դպրոցներում Հայ առաքելական եկեղեցու պատմության վերաբերյալ զեկույց հրապարակեց, որում նշվում է, որ «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի ու դասագրքի հիմքում ընկած է եկեղեցու հավատքը, ոչ թե եկեղեցու պատմությունը: Այդ զեկույցի համաձայն՝ այդ առարկայի դասերի ժամանակ հնչել են կրոնական քարոզներ, ինչպես նաև ատելություն է սերմանվել կրոնական այլ կազմակերպությունների նկատմամբ: Զեկույցում ներառված են հանրակրթական դպրոցների տնօրենների և այդ առարկան դասավանդող ուսուցիչների հետ հարցազրույցներ. նրանց մի մասը նշել է, որ դասընթացի նպատակը աշակերտներին իսկական քրիստոնյա մեծացնել է, նրանց աղանդներից հեռու պահելը, նրանց Հայ առաքելական եկեղեցուն մոտ կանգնեցնելն ու ուսուցանելը, որ այլ կրոնները պառակտում են ազգը»:
Հուլիսի 31-ին դատարանը մերժեց «Կյանքի խոսք» եկեղեցու և դրա հոգևոր առաջնորդ Արթուր Սիմոնյանի կողմից ներկայացված զրպարտության հայցն ընդդեմ երկու պարբերականների՝ «Իրավունք հետաքննություն» և «Արգումենտի նեդելի վ Արմենիի» շաբաթաթերթերի, և համահայցվորներին պարտավորեցրել է 300. 000 ՀՀ դրամ ($739) վճարել համապատասխանողներին՝ դատական ծախսերը հոգալու համար: 2011թ. երկու պարբերականները հրապարակել էին հոդվածներ, որոնցում ակնարկել էին եկեղեցու և պոռնոգրաֆիայի միջև կապի մասին: Մայիսի 11-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը, որը բաղկացած է զրպարտության գործեր քննող անկախ լրատվական փորձագետներից, կարծիք հայտնեց, որ վերոհիշյալ հոդվածներում բացակայում են հստակ փաստեր, ինչն էլ հրապարակումները դարձնում է վիրավորական բնույթի, իսկ «աղանդ» բառի պարբերաբար օգտագործումը կրոնական ատելության դրսևորում է: Նոյեմբերի 8-ին Վերաքննիչ դատարանը հաստատեց առաջին ատյանի վճիռը՝ պարտավորեցնելով համապատասխանողներին վճարել 100. 000 ($246) ՀՀ դրամ՝ դատական ծախսերի համար:
Հոկտեմբերի 23-ին, «Իրավունք» թերթի նախկին գլխավոր խմբագիրը, հաշվետու ժամանակահատվածում ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովում «Կյանքի խոսք» եկեղեցու վերաբերյալ հայտարարություններ արեց՝ այն բնորոշելով որպես իսկական աղանդ, որ իրականացնում է ապօրինի և հակահասարակական գործունեություն: Պարբերականն իր կայքում «Վերջ դնենք Կյանքի խոսքին» վերտառությամբ ակտիվ հղում էր տեղադրել»:
Զեկույցում նշվում է նաև, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը չի կիրառել «արտերկրում հիմնադրված կրոնական կազմակերպությունների՝ օտարերկրյա ֆինանսավորման դեմ սահմանված արգելքը»:
«Երևան քաղաքում որոշակի քայլեր են իրականացվել պատերի և սյուների վրայից հեռացնելու «կրոնական կազմակերպությունները դատապարտող թռուցիկներն ու հայտարարությունները»: «Մեկ ազգ» կուսակցություն անունով հանդես եկող խմբի նյութերը, սակայն, շարունակել են վերափակցվել պատերին ու սյուներին: Հաղորդվում է, որ խմբի անդամներն իրենց թռուցիկներն անձամբ են տարածում մետրոյի կայարաններում և բազմաբնակարան շենքերում»,-նշվում է փաստաթղթում:
Զեկույցի մասին կարդացեք նաև՝










