Հայաստանում կրոնական փոքրամասնությունները խտրականության են ենթարկվել. Պետդեպի զեկույցը՝ կրոնական ազատության վերաբերյալ
ԱՄՆ Պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն երեկ հրապարակել է աշխարհի 199 երկրներում և տարածքներում կրոնական ազատության վիճակի վերաբերյալ ամենամյա՝ 2013թ-ի զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:
Մեր երկրին վերաբերող հատվածում մասնավորապես նշվում է. «Թեև Սահմանադրությամբ ամրագրված է կրոնական ազատության իրավունքը, այդուհանդերձ որոշ օրենքներ և հայեցակարգեր սահմանափակում են այդ ազատությունը: Հաշվետու ժամանակահատվածում կրոնական ազատության իրավունքը խախտելու վերաբերյալ հաղորդագրություններ են ստացվել: Օրենքներն արտոնություններ են շնորհում Հայ առաքելական եկեղեցուն (փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի բնակչության (2011թ. մարդահամարի տվյալներով՝ 2 մլն 800 հազ. մարդ) մոտ 90 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են), ինչից չեն օգտվում կրոնական մյուս կազմակերպությունները:
Գրանցված կրոնական կազմակերպությունների մեծ մասը հայտնել են, որ իրենց գործունեությունն իրականացնելիս օրենսդրական խոչընդոտների չեն հադիպել: Այդուհանդերձ, Եհովայի վկաների հաղորդագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում այդ կազմակերպության 31 անդամներ շարունակել են բանտում մնալ՝ կրոնական համոզմուքների հիմքով պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու պատճառով (Եհովայի վկաները նշում են, որ կրոնական նկատառումներով չեն կարող զենք կրել-Tert.am)»:
Փաստաթղթում նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում (2012թ) կրոնական ազատության իրավունքի նկատմամբ Հայաստանի կառավարության վերաբերմունքն էական փոփոխության չի ենթարկվել՝ վատթարացման կամ բարելավման միտում չի դրսևորվել. «Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հասարակության շրջանում խտրական և անհանդուրժողական վերաբերմունքի են արժանացել, այդ թվում՝ աշխատավայրերում: Շատ լրատվամիջոցներ կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերել կրոնական փոքրամասնությունների նկատմամբ»:
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեր երկրի կառավարությանը հորդորել է այլընտրանքային ծառայության մասին նոր օրենք ընդունել, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին:
Զեկույցի մյուս մանրամասները կներկայացնենք ավելի ուշ










