Ֆրանսիայում երկրորդ մահվան դեպքն է գրանցվել նորահայտ կորոնավիրուսից

18:59 • 29.05.13

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ անցյալ շաբաթ հրապարակած տվյալների համաձայն՝ աշխարհում արդեն 44 մարդ է վարակվել նորահայտ կորոնավիրուսով, որոնց մի մասը մահացել է: Մահվան վերջին 23-րդ դեպքը գրանցվել է երեքշաբթի, Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում, հայտնում է CNN-ը:

 

Ֆրանսիայի կառավարությունից հաղորդել են, որ MERS-CoV վիրուսով վարակված հիվանդը մահացել է օրգանային անբավարարությունից: Հաղորդվում է նաև, որ հիվանդը վարակվել է նույն հիվանդասենյակում բուժվող այլ հիվանդից, որը մահացել էր մայիսի 9-ին: Վերջինս, ինչպես հայտնել է Ֆրանսիայի Սոցիալական հարցերի և առողջապահության նախարարը, կորոնավիրուսով վարակվել էր Արաբական թերակղզի այցելելուց հետո:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ այս նորահայտ վիրուսը կարող է սպառնալիք դառնալ մարդկության համար, քանի որ դրա մասին գիտնականները շատ քիչ տեղեկություններ ունեն: Կազմակերպության մասնագետները հայտնում են նաև, որ վիրուսի աղբյուրը դեռևս անհայտ է, և հայտնի չէ, թե ինչպես են մարդիկ վարակվում: