Հոնդուրասում երկու խոշորագույն բանդաները հայտարարել են զինադադարի մասին
Հոնդուրասի երկու ամենախոշոր և վտանգավոր բանդաները Սան Պեդրո Սուլա քաղաքում հայտարարել են զինադադարի մասին, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Զինադադարի մասին երկու տարբեր մամուլի ասուլիսների ժամանակ, որոնք անցկացվել են բանտերում, հայտարարել են «Մարա Սալվատրուչա» բանդայի ներկայացուցիչն ու «Մարա 18»-ի առաջնորդը։ «Մենք հույս ունենք, որ հասարակությունը և իշխանությունները կներեն մեզ այն վնասի համար, որը մենք պատճառել ենք»,- ասել է նրանցից մեկը։
Բանդաներում հույս ունեն, որ իշխանությունները նրանց անդամներին աշխատանք կառաջարկեն։ Երկրի կառավարությունում արդեն հայտնել են, որ ողջունում են զինադադարը։
Բանդաների միջև զինադադարի վերաբերյալ բանակցությունները, իշխանությունների և կաթոլիկ եկեղեցու մասնակցությամբ, տևել են 8 ամիս։
Հոնդուրասն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում բնակչության շրջանում սպանությունների թվով։










