Ինչու՞ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն չմասնակցեցին ՀԱՊԿ-ի գագաթաժողովին. Коммерсантъ-ի անդրադարձը

14:56 • 29.05.13

Երեկ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ, ռազմաքաղաքական միություն է, ստեղծվել է 1992թ-ին, անդամ երկրներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը: Հանդիպմանը, սակայն, ներկա չէին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սարգսյանի և Լուկաշենկոյի բացակայությանն է անդրադարձել ռուսական «Կոմերսանտ» (Коммерсантъ) պարբերականը. օրաթերթի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը հենց տեղում փորձել է պարզել, թե ինչով էր պայմանավորված նախագահների բացական...


Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ամբողջությամբ.



«Երեկ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում կայացավ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը: Коммерсантъ-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը, տեսնելով գագաթաժողովի մասնակիցներին, երկու շատ լուրջ բաց նկատեց…

 

 Վլադիմիր Պուտինը Բիշկեկ էր ժամանել առավոտյան ժամը 6-ին (նախատեսված 3:40-ի փոխարեն). վերջին ժամանողներից էր: Դրանով հանդերձ նա առաջիններից էր, որ «հայտնվեց» Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նստավայրում:


Պատվիրակությունների ներկայացուցիչների սպասելը հարմարավետ դարձնելու նպատակով նստավայրի տարածքում յուրդերի (շարժական կոնաձև վրան-Tert.am) նման վրաններ էին տեղադրվել (հիշեցնում էր Կրեմլի տարածքում Լիբիայի հեղափոխության առաջնորդ Մուամար Կադաֆիի (1969-2011թթ.-Tert.am) խփած վրանը՝  Ռուսաստան կատարած պատմական այցի ժամանակ): Յուրդերը, սակայն պետք չեկան. բանակցությունները սկսվեցին շատ շուտ: Բայց պարզվեց, որ երկու անդամ երկրների նախագահներ շատ են ուշացել. Բիշկեկում ներկա չէին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

 


Լուսանկարվելու հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Վլադիմիր Պուտինը (Ռուսաստանի նախագահ), Էմոմալի Ռահմոնը (Տաջիկստանի նախագահ), Նուրսուլթան Նազարբաևը (Ղազախստանի նախագահ) և Ալմազբեկ Աթամբաևը (Ղրղզստանի նախագահ): Հանգամանքները հաշվի առնելով՝ լուսանկարման ընթացքն այդքան էլ հանդիսավոր չէր… Տարօրինակ է, բայց լրագրողներն ուշադրություն չդարձրեցին նախագահների «կիսատ շարքին», երկու բացերին և այդ առնչությամբ որևէ մեկին հարց չտվեցին:

 

ՀԱՊԿ-ի գագաթաժողովները սովորաբար չեն «փայլում» իրենց թափանցիկությամբ: Իսկ երեկվա հանդիպումը կարելի է ասել, որ փայլեց իր «անթափանցիկությամբ»՝ նույնիսկ սովորական հանդիպումների հետ համեմատ. հնարավոր չէր որևէ մեկից որևէ մեկնաբանություն ստանալ առ այն, թե ինչ է քննարկվել գագաթաժողովին (էլ չեմ ասում տալ այնպիսի հարցեր, որոնք քննարկման ենթակա էլ չեն, այսինքն՝ երկու նախագահների բացակայության մասին):

 


Լրագրողների առջև ելույթ ունեցավ ՀԱՊԿ-ի քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և հայտնեց, որ հանդիպման ժամանակ իրենք ակտիվ բանակցություններ են վարել Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերման (Ъ –ի տեղեկություններով՝ հենց դրա համար էր պրն Աթամբաևն իր գործընկերների հրավիրել Բիշկեկ), ինչպես նաև Ռուսաստան- Ղազախստան- Ղրղզստան- Տաջիկստան (այնտեղից էլ հետագայում Իրան, Պարսից ծոցի ափեր: Չնայած հանգամանքը, որ երկաթուղու վերջնակետը դառնալու է Իրանը, դեռ բոլորը չէ, որ գիտակցում են) երկաթուղու շինարարության հարցերի վերաբերյալ:

 
Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության մասին որևէ մեկնաբանություն չարվեց: Առաջնորդներից որևէ մեկը, այդ թվում՝ գագաթաժողովը հյուրընկալողը (նա, որ նման դեպքերում միշտ հայտնվում է կարճ հայտարարություններ անելու համար) լրագրողների առջև չհայտնվեցին: Հավանաբար որևէ մեկը չցանկացավ բացատրություն տալ գործընկերների բացակայության առնչությամբ:

 

Ինձ, սակայն, գագաթաժողովից անմիջապես հետո հաջողվեց զրուցել ղրղզական պատվիրակության անդամներից մեկի հետ (այստեղ ռուսերենը բոլորի համար եթե ոչ պետական, ապա գոնե հարազատ լեզու է): Նրա խոսքով՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին Բիշկեկում շատ էին սպասում, սակայն տեսնելու հույս անգամ չունեին: Հայտնի է, որ Բելառուսը մեծահոգաբար քաղաքական ապաստան է տրամադրել Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին (2010թ-ի հեղափոխության ժամանակ պաշտոնանկ արվեց և քաղաքական ապաստան ստացավ Բելառուսում-Tert.am) և նրա ընտանիքի անդամներին, որոնց Ղրղզստանն առաջին տարին չէ, որ «ետ է պահանջում»: Ակնհայտ է, որ Բելառուսի նախագահը չէր ցանկացել այդ պահանջները լսել այն հերոսի հայրենիքում, որին ինքը հյուրընկալել է Բելառուսում:

 
Սերժ Սարգսյանի բացակայության առնչությամբ վարկածները տարբեր են: Ամենատարածվածը հետևյալն է՝ որևէ մեկն առանձնապես չէր հետաքրքրվել նրա չներկայանալու հարցով: Ի վերջո, Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերման հետևանքները Սերժ Սարգսյանին այդքան էլ չէին մտահոգում՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանը Աֆղանստանից «վտանգավոր հեռավորության» վրա չի գտնվում:

 Коммерсантъ-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն իր գործընկերներին հայտնել է, որ չի կարող գալ, «քանի որ շատ զբաղված է երկրի ներքին գործերով»: Միայն այս հանգամանքը խոսում է այն մասին, թե ՀԱՊԿ-ի նման կազմակերպությունը որքան թանկ է իր մասնակիցների համար. առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ չեն քննարկվում իրենց երկրների անձնական խնդիրները: Եվ ափսոս որ թանկ չէ: Վերջիվերջո Կուրմանբեկ Բակիև կարող է դառնալ նրանցից յուրաքանչյուրը, նույնիսկ Լուկաշենկոն... Իսկ ահա Ալեքսանդր Լուկաշենկո դառնալ ամեն մեկը չի կարող»: