Լիտվայում էկոնոմիկայի նախարարին ազատել են աշխատանքից՝ համաժողովին մասնավոր ինքնաթիռով թռչելու համար
Լիտվայի նախագահ Դալիա Գրբաուսկայտեն Բիրուտե Վեսայտեին հեռացրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, հայտնում է Euromag-ը:
Նախագահի այս որոշման համար պատճառ է հանդիսացել այն, որ նախարարը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող տնտեսական համաժողովին մասնակցելու է մեկնել մասնավոր ինքնաթիռով, որը տրամադրել է լիտվական ընկերություններից մեկը:
Ինչպես տեղեկացնում է Delfi պարբերականը, Վեսայտեի հեռացման մասին նախագահին դիմում է ներկայացրել վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչուսը, որում ասվում է, որ նախարարը սխալ է գործել՝ համաժողովին թռչելով մասնավոր ինքնաթիռով:
Ինչպես սպասվում է, Վեսայտեն նախարարի պաշտոնից կհեռանա երկուշաբթի՝ հունիս 3-ին: Իսկ էկոնոմիկայի նախարարի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը:
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացրել են, որ Վեսայտեի և նրա խորհրդականների թռիչքն արժեցել է 8000 լիտվական լիտ (մոտ 2300 եվրո):










