Մեզ միշտ մտահոգել է արտագաղթը, բայց այն այսօր չի սկսվել. Արթուր Բաղդասարյան
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունում է, որ Հայաստանում արտագաղթ կա, որը, սակայն, այսօր չի սկսվել և որով իրենք մտահոգված են։
«Մեզ համար միշտ էլ մտահոգիչ գործոն է արտագաղթը, և դա այսօր չի սկսվել, վերջին քսան տարում Հայաստանից մեծ թվով մարդիկ են արտագաղթել։ Ես հիմա գալիս եմ Կիրգիզիայից, արտագաղթի տեմպեր կան և՛ այնտեղ, և՛ տարբեր երկրներում։ Ընդհանրապես Հայաստանի դեմոգրաֆիական անվտանգությունը մտահոգում է, և դա ավելի շատ համալիր ծրագիր է, և մենք հնարավորությունների շրջանում փորձում ենք անել հնարավորը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Ըստ ԱԽ քարտուղարի՝ երկրից հեռանալու մի քանի պատճառ կա՝ սոցիալ-տնտեսական, ավելի լավ կյանք փնտրելու և այլն, որն ըստ նրա՝ միայն Հայաստանի խնդիրը չէ։ «Տեսե՛ք, Վրաստանից, Կիրգիզիայից,Մոլդովայից, Ուկրաինայից, Ռուսաստանից դեպի եվրոպական երկրներ ինչքան են գնում, դրա համար Ռուսաստանն այսօր միգրացիոն քաղաքականության մոդել է մշակել, խրախուսում է վերաբնակեցումը Ռուսաստանի հյուսիսային շրջաններում։ Այսինքն՝ բոլոր երկրներում միգրացիոն շարժեր կան»,- ասաց նա։
Իսկ հարցին, թե Ռուսաստանի կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանի դեպքում չի՞ խթանում արտագաղթին, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «ՌԴ-ի «Հայրենակիցներ» ծրագիրը բոլոր երկրներում է իրականացվում, ինչքան էլ արտառոց լինի դա ոչ միայն Հայաստանում է իրականացվում, այլ նաև ԱՊՀ ու նույնիսկ Արևելյան Եվրոպայի երկրներում։ Ծրագրի ամեն մի բաղադրիչ ունի իր առանձնահատկությունները այս կամ այն երկրի հետ։ Եթե չլիներ այդ ծրագիրը մարդիկ չէ՞ին գնալու Ռուսաստան, հըն, չե՞ն գնում խոպան կամ արտագնա աշխատանքի։ Խոսքը քաղաքակիրթ միգրացիայի մասին է»,- նշեց նա։
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ գլոբալ խնդիր կա և պետք է դրա դեմն պայքարել։ «Դրա համար երկրի տնտեսությունը, սոցիալական ենթակառուցվածքները, տնտեսական ենթակառուցվածքները պետք է ավելի ամրապնդել, կատարելագործել, որպեսզի կարողանանք նվազեցնել, կանխել նաև վերացնել արտագաղթը։ Բայց բնակչության միգրացիոն շարժերը մենք երբեք չեն կարող ամբողջությամբ կասեցնել»,- նշեց նա։










