Քուվեյթում մոտ 6000 հայ է բնակվում և իրենց շատ լավ են զգում. Քուվեյթում ՀՀ դեսպան

15:28 • 30.05.13

Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի տեղեկացմամբ՝ Քուվեյթում բնակվում է մոտ 6000 հայ՝ հիմնականում գործարարներ, որոնց մոտավորապես 90 տոկոսը Սիրիայից են, այդ թվում՝ նաև վերջին շրջանում եկածներ:


Tert.am –ի հետ զրույցում դեսպանն ասաց. «Նրանք այստեղ իրենց շատ լավ են զգում, և գտել են իրենց թե՛ աշխատանքը , թե՛ իրենց կյանքի լավ կողմերը: Համայնքը շատ հանգիստ է, նրանք չեն խառնվում ոչ մի քաղաքական իրավիճակների: Հիմնականում գործարարներ են, ունենք մեքենաների վարպետներ, ոսկերիչներ, բժիշկներ, շատ ճանաչված են ու սիրված են քուվեյթցիների կողմից. երբեք չեն դասվում որպես օտար»:


Չարչօղլյանի տեղեկացմամբ՝ Քուվեյթի հայ համայնքը ձևավորվել է 1955 թվականից: Ինչ վերաբերում է Սիրիայից պատերազմի հետևանքով հայկական համայնքի հոսքերին, ապա նա ասաց, որ Սիրիայից գալիս են Քուվեյթում բնակություն հաստատելու համար, սակայն հոսքերն այնքան էլ մեծ չեն:


«Եվ Քուվեյթի պետությունը, որ արգելք է դրել Սիրիայից եկող յուրաքանչյուր քաղաքացու համար, հայերի համար մեր խնդրանքով վիզա բացում էր, և իրենք գալիս էին իրենց բարեկամների մոտ, որովհետև Քուվեյութում 90%-ը սիրիահայեր են ապրում»,-ասաց դեսպանը՝ նշելով, որ նրանց տրվում են հայկական անձնագրեր, որոնցով էլ մեր հայրենակիցները մնում են Քուվեյթում:


Հիշեցնենք, որ Քուվեյթը հարավ-արևմտյան Ասիայում գտնվող, էներգակիրներով հարուստ պետություն է, որը սահմանակցում է հյուսիսում և արևմուտքում Իրաքի հետ, իսկ հարավում՝ Սաուդյան Արաբիայի:


Քուվեյթում Հայաստանի բարձրաստիճան դիվանագետը նշեց, որ արաբական այս երկրում հետաքրքրված են Հայաստանով, և մոտ ապագայում Հայաստանն ու Քուվեյթը բիզնես ոլորտում համագործակցության մի քանի փաստաթղթեր կստորագրեն:

Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանը քուվեյթցիների համար հետաքրքիր է նաև որպես զբոսաշրջության երկիր: «Շատ լուրջ աճ ենք տալիս ամռանը, երբ քուվեյթցիները գալիս են Հայաստան»,- նշեց դիվանագետը:

Լուսանկարը՝ Ֆադեյ Չարչօղլյանի Facebook-յան էջից