Twitter-ում Օբամային Քենեդու պես սպանել սպառնացած մարդուն ազատազրկել են
Միացյալ Նահանգների Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչը կես տարվա ազատազրկման է դատապարտվել Twitter սոցիալական կայքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպառնալու համար, հայտնում է Huffington Post-ը:
Դաշնային դատավորը 22-ամյա Դնոտե Ջամարա Սիմսին մեղավոր է ճանաչել նախագահի կյանքին գիտակցված և դիտավորյալ սպառնալու համար:
Սիմսն ընդունել է մեղքը: Իր էջում նա մասնավորապես գրել էր. «Ծրագրում եմ նախագահ Օբամայի սպանությունը», «Իման կսպանի նախագահ Օբամային այս երեկո»: Նա հիշատակել էր, որ դա կանի Ջոն Քենեդիին սպանած Օսվալդի պես:
Սիմսն ասել է, որ մարիխուանա օգտագործած ժամանակ է գրել դա և ներողություն է խնդրել իր «զոհից»:










