Հանրապետության հրապարակի վերակառուցման համար Երևանի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ, որի հանձնաժողովի կգլխավորի Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքէջից:
Մրցույթի նպատակն է ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը, քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին, մասնավորապես հաշվի առնելով մի քանի իրողություններ:
Ըստ դրանցից մեկի՝ հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններով, մյուսը՝ Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ, էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները:
Պատճառներից մեկը նաև հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքերի գործառնական նշանակությամբ վերափոխվելն է, ինչպես նաև այն, որ կառուցվել է երկու կարևորագույն հրապարակների միջև հետիոտն կապ հանդիսացող Հյուսիսային պողոտան:
«Ի վերջո՝ Հանրապետության հրապարակը, հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ, Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման արդյունքում, ունի որոշակի դժվարություններ, զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում»,-նշված է քաղաքապետարանի կայքէջում:
Մրցույթի արդյունքների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության կարժանանան հատկապես այն առաջարկությունները, որոնք հիմնավորված կլինեն մայրաքաղաքի կենտրոնի քաղաքաշինական առկա իրադրության համակողմանի վերլուծությամբ և այդ համատեքստում առավել հիմնավոր լուծումներ կառաջադրեն հրապարակի և հարող տարածքների վերակառուցման, ծավալատարածական հորինվածքների զարգացման և ներդաշնակման, ճարտարապետական միասնականության ապահովման խնդիրներում:
Նշված է նաև, որ ցանկալի է, որպեսզի մասնակիցների կողմից ներկայացվող առաջարկությունները լինեն հնարավորինս իրատեսական, ներառելով վերը նշված պայմաններն ու քաղաքաշինական այն հիմնախնդիրները, որոնք ակնառու են և ունեն անհետաձգելի լուծման անհրաժեշտություն:
Մրցույթի նախագծերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2013-ի օգոստոսի 29-ը:










