Սեյրան Օհանյանը կարևորել է ռազմական հոգեբանության գործոնը զինված ուժերում

18:20 • 30.05.13

ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր ամփոփվել է «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Գիտաժողովի ավարտին մասնակիցների կողմից մի շարք առաջարկներ են արվել` միտված սպա-հոգեբանների համակարգի զարգացմանը, ինչպես նաև ռազմական հոգեբանների գիտելիքների և հմտությունների, մասնագետական ունակությունների բարձրացմանը:


Ներկայացվել են նաև զինվորականների շրջանում կոնֆլիկտների առաջացման հոգեբանական գործոնները, նշվեցին դրանց վերացման ուղիները, այդ համատեքստում ընդգծվեց սպայական անձնակազմի վերապատրաստման կարևորությունը:


Ողջունելով մասնակիցներին և իր գոհունակությունը հայտնելով գիտաժողովի անցկացման կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է ռազմական հոգեբանության գործոնը զինված ուժերում` նշելով, որ այն կարող է վեր հանել և՛ բացասական, և՛ դրական երևույթները` լուծում տալով ծառացած խնդիրներին: Պաշտպանության նախարարը հավելեց, որ հոգեբանական պատրաստության աշխատանքների արդյունքները տեսանելի կլինեն զինծառայողի բարձր պատրաստվածության, առաջադրված խնդիրներն արդյունավետ կատարելու դեպքում: Այս առումով Սեյրան Օհանյանը կարևորել է վարժանքների անցկացումը զինծառայողների հոգեբանական զարգացման և մարտական ոգու կոփման գոծում: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել մայրենի լեզվի ուսուցման և ընդհանրապես կրթական պրոցեսի վրա:


Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով` կարևորագույն խնդիրներից է հաղթողի կերպարի ձևավորումը հասարակության շրջանում, հատկապես` բանակում. «Բանակը բոլոր երկրներում, առավել ևս մեր իրականությունում, ընկալվում է որպես սրբություն: Մեր բանակը կռվել, հաղթել է և այսօր էլ հայրենիքի սահմաններն է պաշտպանում: Հաղթողի գործոնը, հաղթողի կերպարը հարկավոր է խորապես ներկայացնել հասարակությանը` ընդգծելով այն ամբողջ դրականը, որ կա բանակում, նաև` բանակի քրտնաջան աշխատանքն ու այն քննությունը, որ բանակն ամեն օր հանձնում է սահմանները պաշտպանելիս»,- եզրահանգել է պաշտպանության նախարարը:


Ավարտին Սեյրան Օհանյանը նախանշել է հետագա անելիքները` աշխատանքները գործնական փուլ տեղափոխելու համար, ինչպես նաև գիտաժողովի անդամներին հանձնարարեց կազմել միջոցառումների ծրագիր` ճիշտ ընտրելով գործողությունների հաջորդականությունը: