Քուվեյթի խորհրդարանի նախագահը հանդիպեց համալսարանականների հետ
Հայաստանում գտնվող Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ալի Ալ-Ռաշեդին այսօր հանդիպեց Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Գիտական խորհրդի նիստերի դահլիճում նախ ելույթ ունեցավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա նշեց, որ իր համար մեծ բավականություն է համալսարանում հյուրընկալել Քուվեյթի խորհրդարանի նախագահին: Նա հույս հայտնեց, որ Ալի Ալ-Ռաշեդի այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը:
«Հնարավորություն կտա տեսակետների, փորձի փոխանակման: Երկու երկրների միջև համագործակցության, նոր քայլերի անհրաժեշտություն կա՝ քաղաքականության, տնտեսության, մշակույթի և կրթության ոլորտներում»,- ասաց նա:
Արամ Սիմոնյանը հիշեցրեց, որ դեռևս 2009-ին Հայաստանի կառավարության և Քուվեյթի միջև կրթական համակարգում համաձայնագիր է կնքվել, ինչն ըստ նրա, կարևոր քայլ է կրթության խթանման տեսանկյունից:
Արամ Սիմոնյանը նշեց, որ ինքը եղել է Քուվեյթի համալսարանում, ինչպես նաև պատվիրակություններ են ընդունել այնտեղից: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է ԵՊՀ-ում ստեղծել իսլամագիտության կենտրոն, ինչի համար աջակցության կարիք ունեն:
Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ալի Ալ-Ռաշեդին նշեց, որ այցի հիմնական նպատակն է պարզել, թե Հայաստանում ինչ ներդրումներ կարող է անել Քուվեյթը: Նա ընդգծեց, որ թեև Քուվեյթը շատ փոքր երկիր է՝ սակավաթիվ բնակչությամբ, սակայն տարածաշրջանում ամենադեմոկրատականն է, որտեղ ազատ ու թափանցիկ ընտրություններ են անցկացվում:
«Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում ու կոչվում է «Արաբական գարուն», ապա պետք է ասել, որ մեզ մոտ իսկական գարուն է արդեն 50 տարի: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա մեր կարծիքով դրանց շնորհիվ բարեկամությունն ավելի ամուր կհաստատվի երկու երկրների միջև: Մենք կարևորում ենք նաև ուղիղ չվերթները Հայաստանից Քուվեյթ»,- ասաց նա:
Քուվեյթի խորհրդարանի նախագահը նշեց, որ տարբեր երկրներում Քուվեյթի ներդրումները եկամտաբեր են իրենց երկրի համար, ինչն ավելի ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ Իրաքը գրավել էր Քուվեյթը:
«Երբ Իրաքը գրավել էր մեր երկիրը, մենք չենք դադարեցրել մարդկանց աշխատավարձերը տալ, սա հենց օտար երկրում կատարած ներդրումների հաշվին էր: Մենք զգացինք դրա կարևորությունը, երբ որ գրավեցին երկիրը»,- ասաց նա և ընդգծեց, որ համատեղ շահերը ամրապնդում են երկու երկրների հարաբերությունները:










