Ռուսական աղբյուրները հերքել են Ասադի հայտարարությունը С-300 հրթիռների ստացման մասին
Տեղեկություններն այն մասին, որ Սիրիան արդեն ստացել է մինչ քաղաքացիական պատերազմը կնքված պայմանագրով նախատեսված ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը, չեն հաստատվել։
Ինչպես գրում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանական արդյունաբերության իր աղբյուրին, ԶՀՀ-ները Սիրիա չեն հասել և անհայտ է՝ կմատակարարվե՞ն 2013-ին։
Իսկ «Կոմերսանտ» թերթի աղբյուրը, որը մոտ է ռազմատեխնիկական համագործակցության համակարգին, հայտնել է, որ С-300 6 համալիրների մատակարարումը նախատեսված է 2014-ի երկրորդ եռամսյակում։
Զրուցակիցը նաև հայտնել է, որ դեռ կես տարի էլ կպահանջվի սիրիական կողմին այդ համակարգերից օգտվել սովորեցնելու և հրթիռների փորձարկման համար։
Պաշտոնատար անձինք մատակարարման ժամկետներ չեն նշում՝ միայն ընդգծելով, որ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել ստանձնած պարտավորություններից։
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հինգշաբթի հարցազրույց էր տվել լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին, որտեղ հաստատել էր տեղեկությունը, որ Սիրիա է հասել ԶՀՀ-ների առաջին խմբաքանակը։
Այս համակարգերի մատակարարմանը դեմ են ԱՄՆ-ն և Իսրայելը։ Միևնույն ժամանակ ՌԴ-ն և ԱՄՆ-ն շարունակում են պատրաստվել Ժնևում կայանալիք Սիրիայի խնդրի կարգավորմանը նվիրված համաժողովին։










