Քաղաքացիական հասարակությունը երբեք չի կարող փոխարինել քաղաքական համակարգին. Լ.Զուրաբյան

08:51 • 31.05.13

Քաղաքացիական հատվածը (օրինակ՝ «Կանխենք գազի սակագնի բարձրացումը» քաղաքացիական նախաձեռնությունը, բնապահպան ակտիվիստները և այլն –Tert.am) երբևէ չի կարող փոխարինել քաղաքական ուժերին, և եթե հնարավոր է քաղաքականության մեջ անել որևէ գործ, ապա դա կարող են անել միմիայն քաղաքական ուժերն ու կուսակցությունները:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ի պատասխան դիտարկման, թե կարծիք կա, որ վերջին 1.5 տարում երկու համապետական և մեկ՝ Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերը վարկաբեկվեցին, «պետք է տուն գնան» և որ հիմա եկել է քաղաքացիական ուժերին հարթակ տրամադրելու ժամանակը:


«Բացարձակապես համաձայն չեմ, սա հեքիաթ է, որ, իբր, քաղաքացիական ուժերով հնարավոր է ռեֆորմացնել հասարակությունը կամ իրավիճակի արագ փոփոխությունների հասնել»,- ասաց Լևոն Զուրաբյանը, ով համարում է, որ հարցը իշխանամետ քարոզչության արգասիք է, կարծիք, որը նրա խոսքով՝ իշխանամետ լրատվամիջոցները փորձում են փաթաթել մարդկանց վզին:


Ամեն դեպքում, Լևոն Զուրաբյանը նշեց, որ չի անտեսում Հայաստանում քաղաքացիական ուժերին, կարևորում է նրանց դերն ու աշխատանքը՝ կոնկրետ արժեքներ սերմանելը հասարակության մեջ:


«Դա շատ կարևոր աշխատանք է, բայց այդ աշխատանքը այգեպանի աշխատանք է, որ տարիներ շարունակ պետք է այգի աճեցնի: Իսկ իրական, արմատական փոփոխություններ կարող են կատարել միայն քաղաքական ուժերը: Եվ ամբողջ աշխարհում միայն դա է եղել, երբ արմատական փոփոխություններ քաղաքական ուժերը կատարում են իշխանության գալով», - ընդդիմադիր քաղաքական գործիչն իր միտքն ավարտեց ասելով. «Քաղաքականության մեջ այլ միջոց, քան մարդկանց ասոցիացիան մեկ քաղաքական ուժի մեջ ստեղծելը, և այն որպես լծակ օգտագործելը ՝ իշխանության գալու և այդ քաղաքական ուժի դավանանք հանդիսացող գաղափարները գործի դնելուց բացի, գոյություն չունի:


«Ով պնդում է հակառակը, նա զբաղված է մարդկանց ուղեղները լվանալով»,- ավելացրեց Լևոն Զուրաբյանը, ով քաղաքական ուժերից մարդկանց հիասթափության հիմնավորում չի համարում Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ ասելով, որ Հայաստանում ընտրություններ գոյություն չունեն, կա մի գործընթաց, երբ վերջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է իշխանության հաղթանակը:


«Ավելին, ոչ միայն իշխանության տոկոսներ են կառավարվում, այլև կառավարվում են ընդդիմության տոկոսները: Մասնավորապես, 2012թ. Կոնգրեսը ստացավ 7 տոկոս միայն այն պատճառով, որ որպես դաշինք պետք է հաղթահարեր 7 տոկոսանոց բարիերը, և եղել է հզորագույն միջազգային ճնշում Սերժ Սարգսյանի ռեժիմի վրա՝ կապված նրա հետ, որ Կոնգրեսը պետք է անպայման լինի խորհրդարանում, այլապես այդ ընտրությունները չեն կարող դիտարկվել որպես ժողովրդավարական»,- բացահայտեց Լևոն Զուրաբյանը և ավելացրեց. «Եվ դա էր պատճառը, որ մաթեմատիկական ճշգրտությամբ մենք ստացել ենք հենց 7 տոկոս՝ ունենալով մոտ 30 տոկոսի աջակցություն»:

Իսկ այս անգամ, ըստ Լևոն Զուրաբյանի, ՀԱԿ-ը չանցավ Երևանի քաղաքապետարան այն պատճառով, որ եղել է քաղաքական որոշում այն մասին, որ «Կոնգրեսը չպետք է անցնի ավագանի» և չի եղել միջազգային ճնշում:


Իսկ չի եղել, որովհետև ՏԻՄ ընտրություններն այն մակարդակի ընտրություններ չեն, որ միջազգային հանրությունը լուրջ ճնշումներ գործադրի:


Ի պատասխան թեական հարցի, թե կլինե՞ին ճնշումներ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, մասնակցեր նախագահական ընտրություններին և պատճառ չբերեր իր 68 տարեկան լինելը, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ կարելի է զբաղվել տարբեր շահարկումներով, բայց իրենք հաշվի են առել հետևյալ հանգամանքը, որ այն պարագայում, երբ իշխանությունները ստեղծել են ընտրակեղծարարության կատարելագործված մեքենա, որը թույլ է տալիս «խփել» ցանկացած տոկոս, առնվազն հասարակական լայն համախմբում էր պետք մեկ թեկնածուի շուրջ:


«Եվ մեր ամբողջ բանակցային գործընթացը, քաղաքական քայլերը ուղղված էին հենց դրան, որ ստեղծվի նման բևեռ, իսկ երբ դա չեղավ, էդ խաղի մեջ անիմաստ էր մտնելը, որովհետև երբ առանց դրա մտնում ես խաղի մեջ, իշխանությանը հնարավորություն ես տալիս գրել իր ուզած տոկոսները՝ քո մասնակցությամբ: Բնականաբար, դա մի շռայլություն էր, որը մենք չէինք ուզում թույլ տալ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:


Ըստ որոշ քաղաքագիտական վերլուծությունների՝ աշնանը Վիլնյուսում ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախաշեմին, Սերժ Սարգսյանը, ավիացիոն տերմինաբանությամբ՝ «օդաչուն» կանգնելով «կամ կամ»-ի առաջ, ստիպված է «ավտոպիլոտ» ռեժիմից անցնել «ռուչնոյին»: Այսինքն՝ այսուհետ կրել պատասխանատվություն այն օպերատիվ որոշումների համար, որ ստիպված է լինելու կայացնել՝ կանգնելով երկընտրանքի առաջ:


Նշենք, որ ՀԱԿ խմբակցությունը, որպես կանոն, տարբեր միջազգային պայմանագրերի վավերացման հետ կապված տարբեր մոտեցում է ցուցաբերում, և հետևաբար, հետաքրքիր է, թե ո՞րն է վերը նշված հարցում ՀԱԿ կուսակցության առաջնորդի, և անձամբ Լևոն Զուրաբյանի տեսակետը հնարավոր երկընտրանքի դեպքում՝ Ռուսաստա՞ն՝ Մաքսային միություն, թե ասոցացում ԵՄ-ի հետ:


Ի պատասխան Լևոն Զուրաբյանը նախ արձանագրեց, որ ՀՀ իշխանությունները երբևէ այս հարցերը չեն դրել հանրային քննարկման, ավելին՝ հասարակությունը չգիտի՝ ո՞րն է այս հարցում իշխանության մոտեցումը:


«Մենք չգիտենք անգամ ինչ փաստաթղթեր են դրանք, որևէ մեկը հրապարակե՞լ է Մաքսային միության հիմնադիր փաստաթուղթը, ի՞նչ է սա նշանակում, եթե Հայաստանը ստորագրում է, ինչ այլընտրանքի առաջ է կանգնած, ինչ ռազմավարական որոնումներ պետք է ընդունի »,-ասաց Լևոն Զուրաբյանը և կրկին արձանագրեց, թե արևմտյան՝ ամերիկյան և եվրոպական երկրների և ռուսաստանյան դիվանագետների ու դեսպանների հետ իրենց կոնտակտներում վերջիններս հարցը այնպես չեն դնում, որ գոյություն ունի շահերի հակասություն կամ երկու կառույցների անդամակցելու իրարամերժություն:


Իսկ տեսականորեն, առանց տիրապետելու, թե ինչ հնարավոր երկընտրանքների ու նշումների մասին է խոսքը, ՀԱԿ խմբակցության ղեկավարը կուսակցության անունից ասաց, որ Հայաստանի շահը տեսնում են և՛ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման մեջ, և՛ նաև եվրաինտեգրացման ու ԱՄՆ-ի հետ ինտեգրացման մեջ: Եվ որ Ասոցացման համաձայնագիրն էլ ՀԱԿ-ի համար շատ ցանկալի զարգացում է:


Բայց սա, Լևոն Զուրաբյանի խոսքով, հաշվի առնելով իշխանությունների կողմից գաղտնիության քողը, իրազեկման բացակայությունը պատասխան է՝ «գերտերությունների միջև ընթացող պայքարի կոնտեքստից դուրս»: