Մի շարք ԶԼՄ-ներ հրաժարվել են շփվել Միացյալ Նահանգների արդարադատության նախարարի հետ
Ամերիկյան մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ՝ Associated Press-ը, New York Times-ը, CNN-ն ու Huffington Post-ը, հրաժարվել են շփվել երկրի արդարադատության նախարար Էրիկ Հոլդերի հետ «տպագրության համար չէ» ձևաչափով։
Ինչպես նշում է Взгляд-ը, քննարկման թեման պետք է լիներ մայիսի կեսերին տեղի ունեցած սկանդալը, երբ պարզվել էր, որ ամերիկյան գաղտնի ծառայությունները գաղտնալսել են Associated Press-ի աշխատակիցների հեռախոսային խոսակցությունները։
Մամուլի ազատությունն ամերիկացիների կողմից ընկալվում է որպես ազգային սրբություն, ուստի լրագրողներին գաղտնի հետևելու փաստը լուրջ դժգոհություններ է առաջացրել երկրի ընդդիմության և ԶԼՄ-ների շրջանում։
Այս պարագայում ստիպված էր արդարանալ ոչ միայն նախարար Հոլդերը, այլ նաև նախագահ Բարաք Օբաման, որն ընդգծել է, որ հասարակության և կառավարության շահերի միջև պետք է հավասարակշռության սահմանը գտնել։
Ահա այսպիսի հավասարակշռության փնտրտուքների նպատակով էլ Արդարադատության նախարարությունն առաջարկել է կազմակերպել Հոլդերի և առաջատար ԶԼՄ-ների ղեկավարների հանդիպումը, սակայն քննարկումը պետք է կայանար «ոչ տպագրության համար» ձևաչափով։ Նման մոտեցումը չի գոհացրել շատերին, քանի որ, ըստ նրանց, մամուլի ազատության վերաբերյալ քննարկումը պետք է բաց լինի։
Մինչդեռ Washington Post-ի, Wall Street Journal-ի և Politico-ի ղեկավարությունները պատրաստակամություն են հայտնել փակ դռների հետևում հանդիպել Հոլդերի հետ։










