Երևանում մեկնարկեց ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը

12:33 • 31.05.13

 2001 թվականի մայիսի 16-ից՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր, Հայաստանը՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, առաջին անգամ ստանձնել է Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Նախարարների կոմիտեի նախագահությունը, ինչի կապակցությամբ այսօր Երևանում մեկնարկեց ԵԽԽՎ մշտական հանձնաժողովների նիստը՝ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ:


Նշենք, որ Ադրբեջանի պատվիրակության անդամները Հայաստան չեն ժամանել, սակայն ներկա են Թուրքիան ներկայացնող պատգամավորներ:


ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի օրակարգի նախագծում է Լեռնային Ղարաբաղի մասին հռչակագրի ընդունումը, թեպետ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության քարտուղարությունից Tert.am-ին հայտնեցին, որ նախօրեին նման առաջարկ եղել էր, սակայն մերժվեց:

Ւսկ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ այս կապակցությամբ հայտարարեց, որ սա շարքային առաջարկություն է, որն ամեն անգամ լինում է:

Այս մասին քննարկումները դեռ առջևում են:

Նախքան հարցուպատասխանը ելույթներով հանդես եկան ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:


Հարցուպատասխանի ժամանակ թեժ իրավիճակ ստեղծեց շվեյցարացի պատգամավոր Անդրեաս Գրոսը, որը հարց ուղղեց, թե ինչո՞ւ է «Գազպրոմը» կտրուկ բարձրացրել Հայաստան մտնող գազի սակագինը:


«Ռասիզմի դեմ մշտական պայքարը իրական մարտահրավերներ են մեր կազմակերպության համար: Իր գոյության 60 տարիների ընթացքում մեր վեհաժողովը բազմաթիվ բանաձևեր է ընդունել հենց այս թեմայով»,- հայտարարեց ԵԽԽՎ նախագահը և խոսեց Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ճամփորդության արդյունքների մասին:

Անդրադառնալով ԼՂ սառեցված հակամարտության խնդրին, ԵԽԽՎ նախագահը նշեց, որ ԵԽԽՎ-ն խրախուսում է Մինսկի խմբի մասնագիտացված ձևաչափում բանակցությունների անցկացումը և ավելացրեց. «Դա է միջազգայնորեն ճանաչված ձևաչափը, բայց միևնույն ժամանակ, որպես ԵԽԽՎ անդամներ, մենք պետք է խրախուսենք քաղաքական հաշտեցումը և երկխոսությունը պետությունների ընտրված ներկայացուցիչների միջև՝ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում: Վեհաժողովն ու ես ավելի քան պատրաստ ենք այս ուղղությամբ առաջ շարժվել և հուսով եմ, որ բոլորս առիթը կօգտագործենք»:


Դիմելով ԵԽԽՎ Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ԵԽԽՎ նախագահն ասաց, որ շատ լուրջ ակնկալիքներ ունեն նրանից:


Հիշեցնենք, որ Ժան Կլոդ Մինյոնը նախքան Երևան ժամանելը, եղել էր պաշտոնական Բաքվում և Թբիլիսում: «Ստանձնելով եվրոպական և տրանսատլանտյան հանձնառություն տարածաշրջանի երկրների նկատմամբ, ԵԽԽՎ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը առաջընթաց են արձանագրում ժողովրդավարական հասարակություն կերտելու և Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները հարգելու ուղղությամբ: Չնայած երկրում դեռ շատ անելիքներ կան, ես չեմ էլ ուզում համեմատություններ անցկացնել, հակադրել, մեկին անուն դնել, մեկին ամոթանք տալ: Մենք պետք է սա գիտակցենք, հասկանանք, հասկանանք ձեր պատմությունը, անցյալը»,-ասաց Ժան Կլոդ Մինյոնը՝ ավելացնլով, որ այս երկրները փորձագիտական օժանդակության կարիք ունեն բարեփոխումներ առաջ տանելու առումով:


Հիշեցնենք, որ Բաքվում Ժան Կլոդ Մինյոնը հայտարարել էր, որ Հայաստանին ու Ադրբեջանին այս տարի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու առումով լավ հնարավորություն է ընձեռվել: «Նրանք պետք է օգտվեն այդ հնարավորությունից, գնահատեն պատմական այդ պահը և հստակ քայլեր ձեռնարկեն հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: 2013-ը նշանավոր տարեթիվ է. 50 տարի առաջ ստորագրվեց Ելիսեյան համաձայնագիրը, որը վերջ դրեց Ֆրանսիայի և Գերմանիայի հակամարտությանը, և վերջ դրեց հարևան երկու ժողովուրդների դարավոր թշնամանքին: Ելիսեյան համաձայնագրի 50-ամյակի կապակցությամբ Հայաստանը և Ադրբեջանը ևս կարող են խաղաղության համաձայնագիր կնքել: ԵԽԽՎ-ն ունի բոլոր հնարավորությունները երկու կողմերին հաշտեցնելու համար»,- ասել էր ֆրանսիացի պատգամավորը:


Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, որ ԼՂ հարցը կարգավորելու ուղղությամբ ինքն անձամբ ևս քայլեր է ձեռնարկում: «Նստաշրջանների, ինչպես նաև այլ հանդիպումների ժամանակ ես աշխատում եմ հանդիպել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարներ հետ, նրանց հետ լրջորեն քննարկել ԼՂ հարցը: Բացի այդ, ես մշտապես կապ եմ հաստատատում ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահի հետ և նրանից տեղեկություն ստանում բանակցությունների ընթացքի վերաբերյալ»,- նշել էր ԵԽԽՎ նախագահը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում հույս հայտնեց, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի անցկացումը մեր մայրաքաղաքում՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում իր ուրույն էջը կբացի Հայաստանի և Եվրոպայի խորհրդի պատմության մեջ և վերահաստատեց, որ Հայաստանը հավատարիմ է եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր քաղաքականությանը:


ԱԺ նախագահն ավելացրեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղվածությունը և եվրաինտեգրման գործընթացները գիտակցված ընտրության արդյունք է, որը խարսխված է մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային և քրիստոնեական ժառանգության վրա և բխում է մեր ներքին օրակարգից:
«Այդ նույն հանձնառությամբ է պայմանավորված նաև Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը աջակցելու Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նախաձեռնած բարեփոխումների հավակնոտ ծրագրի իրականացմանը, որի նպատակն է Եվրոպայի խորհրդի դերակատարության և արդյունավետության բարձրացումը»,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:


Խոսելով 21-րդ դարում անհանդուրժողականության դրևորումների և քաղաքական նոր մարտահրավերների մասին, Հովիկ Աբրահամյանը տեղին համարեց հիշել Մահաթմա Գանդիի հայտնի խոսքերը. «Անհանդուրժողականությունը ինքնին բռնության մի ձև է և խոչընդոտում է ժողովրդավարության իրական ոգուն»:


Նշենք, որ այսօր ՀԱԿ երիտասարդական միությունը բողոքի գործողություն է անցկացնելու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի առջև, որտեղ անցնում է նիստը: