Կարմիր Խաչը դադարեցրել է իր աշխատանքները աֆղանական Ջելալաբադ քաղաքում
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցրել է իր գործունեությունը աֆղանական Ջելալաբադում այն բանից հետո, երբ անցյալ չորեքշաբթի այդ քաղաքում գտնվող նրանց գրասենյակի վրա հարձակում էր տեղի ունեցել: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել ԿԽՄԿ-ի մամլո քարտուղար Ֆիլիպ Շտոլլը:
Նա նշել է, որ գրասենյակը վերաբացելուց առաջ նրանք պետք է ստանան անվտանգության երաշխիքներ: Մամլո քարտուղարն ընդգծել է, որ Ջելալաբադում գրասենյակի փակումը չի նշանակում, որ նրանք դադարեցնում են իրենց գործունեությունը Աֆղանստանում:
«Մենք չենք ծրագրում դադարեցնել մեր աշխատանքներն այս երկրում»,-հայտնել է Շտոլլը:
Աֆղանստանում Կարմիր Խաչը իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 90 միլիոն դոլար: 17 քաղաքներում աշխատում են կազմակերպության մոտ 1.800 աշխատակիցներ:










