Կորած ամերիկացի թոշակառուն հայտնվել է իր մասին նկարահանվող ռեպորտաժում (տեսանյութ)
ԱՄՆ Մեն նահանգի Լիմինգթոն քաղաքում կորած թոշակառուն հայտնաբերվել է անհետացումից 14 ժամ անց. նա հայտնվել է հեռուստաալիքի նկարահանող խմբի կողքին, որն իր մասին ռեպորտաժ էր պատրաստում։ Նկարահանող խումբն այդ պահին գտնվել է տղամարդու տան կողքին, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով ABC News-ին։
73-ամյա Ռոբերտ Մաքդոնոն մոտեցել է թղթակցին, որը պատրաստվել է պատմել կորած տարեց տղամարդու մասին, և հարցրել, թե ինչ է կատարվում։ Թոշակառուն շփվել է լրագրողի հետ, վերջինս հասկացել է, որ իր առաջ այդ նույն կորած տղամարդն է։
Մաքդոնոն չի հիշում, թե որտեղ է եղել 14 ժամվա ընթացքում և չգիտի, թե ինչ է արել։ Նրա բարեկամները պատրաստվում են GPS սարք ձեռք բերել, որի օգնությամբ կարող են հետևել տարեց մարդու տեղաշարժին։










