ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստում ԼՂ հակամարտության մասին հայտարարություն է ընդունվել

14:14 • 31.05.13

Երևանում տեղի ունեցող ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարություն է ընդունվել։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում որոնելը Հայաստանի ու Ադրբեջանի ստանձնած պարտավորությունն է՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելու համար։ Այդ համատեքստում մենք մեր աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին՝ հիմնված «Մադրիդյան սկզբունքների» վրա»,-ասված է փաստաթղթում։


Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Վեհաժողովը պատրաստ է անել ամեն ինչ՝ խորհրդարանական ժողովրդավարության միջոցով, հեշտացնելու երկխոսությունն ու ստեղծելու ճշմարտության մթնոլորտ՝ երկու պետությունների խորհրդարանների անդամների միջև։


Գնահատելով այս հայտարարությունը՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այն ստանդարտ հայտարարություն է։ «Դրանում կոչ է արվում, որ կողմերը բանակցային գործընթացը շարունակեն խաղաղ պայմաններում, որ ճանաչեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները և հարցը պետք է լուծվի այդ շրջանակներում։ Եվ, թերևս, կոչ է արվում ավելի ակտիվ ջանքեր գործադրել՝ ի վերջո վերջնական, կայուն լուծում գտնելու համար»,- ասաց Դավիթ Հարությունյանը։


Խոսելով նիստի մասին, նա նշեց, որ սա Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի հերթական նիստն է և այդ առումով ոչնչով չի տարբերվում նախորդներից, ու թեև ցանկություն է եղել կարգում փոփոխություն կատարել և նիստերն անցկացնել միայն Փարիզում, այլ ոչ թե նախագահող երկրներում, սակայն շատերը, այդ թվում հայկական պատվիրակությունը, առարկել են, և որոշումը չի ընդունվել։ «Շատ կարևոր է, երբ պատվիրակները գալիս են քո երկիրը, զգում են քո երկիրը և դա էապես փոխում է վերաբերմունքդ երկրիդ հանդեպ»,- ասաց Դավիթ Հարությունյանը։


Անդրադառնալով նիստից բացակայող պատգամավորներին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ պատգամավորներից շատերը միշտ չէ, որ ակտիվ են լինում։ «Դուք կտեսնեք, որ դահլիճից շատերը բացակայում են, քանի որ շատերի համար այն շարունակում է մնալ տուրիզմ, և խոսքը չի վերաբերվում միայն Հայաստանին։ Ցանկացած երկրում Մշտական կոմիտեի նիստին դուք տեսնում եք շատ ավելի քիչ պատգամավոր, քան ժամանել են։ Նույն պատկերը կարող եք տեսնել հաճախակի Ստրասբուրգում»,- ասաց նա։