Ամռան շոգն իր բացասական ազդեցությունն է թողնում սրտանոթային հիվանդություններով տառապող անձանց վրա
Ամռան շոգը բացասական ազդեցություն կարող է ունենալ սրտանոթային հիվանդություններով տառապող անձանց վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սրտաբան Տիգրան Պողոսյանը և հորդորեց բոլորին՝ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և լինել ավելի շատ ստվերում:
«Ընդհանրապես, սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար հարկավոր է առողջ ապրելակերպ վարել՝ սպորտով զբաղվել, չծխել, չչարաշահել ալկոհոլը: Իհարկե, սրանք բոլորս էլ գիտենք, բայց հարկավոր է նաև կիրառել և ունենալ կամքի ուժ»,- ասաց նա:
Բժիշկը նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սրտանոթային հիվանդություններից տառապողների թիվը մեծ է, ըստ այդմ՝ մահացություններն էլ շատ են:
«Մեր՝ հայերիս մոտ, հիվանդությունը հաճախ է հանդիպում, դա մեր և՛ ապրելակերպից է՝ հիմնականում նստակյաց կյանք են վարում, և՛ սննդակարգից՝ մսեղեն ենք շատ ուտում, յուղոտ ուտելիքներով սնվում: Հատկապես ամռան այս եղանակներին նախընտրելի են ծովային մթերքներ, բայց եթե դրանք չկան, կարելի է փոխարինել բուսականով, ինչի պակասը Հայաստանում չկա»,- ասաց նա:
Բժիշկը հորդորեց սրտանոթային հիվանդությունների ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել բժշկի ու չսպասել, որ «դանակը հասնի ոսկորին»:










