Մարսագնաց Curiosity-ի՝ Կարմիր մոլորակում անցկացրած 1 տարին՝ տեսանյութով

11:19 • 06.08.13

Այսօր լրանում է մարսագնաց Curiosity-ի՝ Կարմիր մոլորակում պատմական վայրէջք կատարելու 1 տարին, ինչի կապակցությամբ ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, թողարկել է ուշագրավ մի տեսանյութ, որում սեղմ տարբերակով ներկայացված է մարսագնացի առաքելության առաջին տարին։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, տիեզերական սարքի ողջ ճանապարհորդությունն ամփոփվել է 2 րոպե 17 վայրկյան տևողությամբ տեսանյութում, որում հստակ երևում է, թե ինչպես է մարսագնացը մոլորակում տեղաշարժվում, ավազի ու քարերի նմուշներ վերցնում՝ հետագա ուսումնասիրությունների համար։

 

Տեսանյութը ստեղծվել է Curiosity-ի վրա տեղադրված Hazard-Avoidance Camera տեսախցիկի միջոցով արված 548 լուսանկարների հիման վրա։

 

Սարքն իրենից ներկայացնում է ակների վրա փոքրիկ լաբորատորիա, որը համալրված է լաբորատոր ստուգումների համար բոլոր գործիքներով։ Դրա գլխավոր նպատակն է կյանքի գոյության ապացույցներ գտնել Մարսում։

 

Անցած 1 տարվա ընթացքում Curiosity-ն պարզել է, որ մոլորակի հիմնաժայռերը պարունակում են կավի, սուլֆատի հանքանյութեր ու այլ քիմիական նյութեր, որոնք ձևավորվել են խմելի ջրի օգնությամբ։ 

 

 


 

Մարսագնաց Curiosity-ի՝ Կարմիր մոլորակում անցկացրած 1 տարին՝ տեսանյութով