Անքնությունը կարող է գիրության հանգեցնել
Նոր հետազոտության համաձայն՝ քնի պակասը կարող է մեծացնել վնասակար սնունդ օգտագործելու ցանկությունը: Անցկացրած անքուն գիշերը մեծացնում է, օրինակ, պիցցա ուտելու հավանականությունը՝ առողջ սննդի փոխարեն, գրում է Daily Mail-ը։
Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի անցկացրած հետազոտությունն ուսումնասիրել է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են սննդի ընտրության համար, և հետազոտողները նշում են, որ ստացված տվյալները նոր լույս են սփռել վատ քնի և գիրության միջև եղած կապի վրա:
«Մենք հայտնաբերել ենք, որ ուղեղի այն հատվածները, որոնք պահանջվում են բարդ դատողություններ և որոշումներ անելու համար, բթանում են քնի պակասի պատճառով, մինչդեռ այն հատվածները, որոնք կառավարում են մոտիվացիան և ցանկությունները, սրվում են»,- նշել է Բերքլիի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Վոլքերը:
Բարձր կալորիականություն ունեցող սնունդն ավելի ցանկալի է դառնում, երբ մարդը լավ չի քնել: Սա կարող է բացատրել, թե ինչու այն մարդիկ, ովքեր քիչ են քնում, սովորաբար ավելի գեր են լինում:










