Առաջին անգամ Հայաստանում.ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշակութային վայրերում տեսակրպակներ է տեղադրում

17:19 • 08.08.13

ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր Խոր Վիրապի վանական համալիրի տարածքում տեղադրել է տեսակրպակ: Հայաստանում նման տեսակրպակ առաջին անգամ տեղադրվել է Էջմիածնի Սբ Գայանե եկեղեցու տարածքում, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:


Նախագծի նպատակը հայկական մշակութային հուշարձանների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և Հայաստանի՝ որպես տուրիստական գրավչության գոտու դիրքերի ամրապնդմանը նպաստելն է:


Տեսակրպակը տեղադրված է Սբ Գևորգ եկեղեցու առջև: Տեսակրպակն այցելուներին հնարավորություն կտա նկարահանել մեկ րոպե տևողությամբ տեսանյութ և այն էլեկտրոնային փոստով ուղարկել մտերիմներին ու ընկերներին:


Ծառայության արժեքը 500 դրամ է: Տեսասարքը տեղադրված է այնպիսի դիրքով, որպեսզի տեսագրության երկրորդ պլանում երևա հուշարձանը:


Հաղորդագրության մեջ ներառվում է տեղեկատվական ծանուցում` տվյալ հուշարձանի վերաբերյալ: Դա հաղորդագրություն ստացողին հնարավորություն կտա եկեղեցու բակում գտնվողից ողջույն ստանալուն զուգահեռ` ծանոթանալ նաև հուշարձանի պատմությանը: Սարքը թույլ է տալիս հաղորդագրություններն ուղարկել անգլերեն, հայերեն կամ ռուսերեն լեզուներով:


«Տեսակրպակը հիշարժան պահերն առցանց հավերժացնելու և տպավորություններով կիսվելու ամենադյուրին և արագ հնարավորությունն է` հեռվում գտնվող ընտանիքի անդամների և ընկերների հետ: Այս լուծման և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերարագ ինտերնետի շնորհիվ, պատմական և մշակութային հետաքրքրություն ներկայացնող հերթական վայրն այսուհետև ապահովված է գրավչությունն աշխարհին ցուցադրելու հարմարավետ հնարավորությամբ»,– ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։


«Ընդհանուր առմամբ, տեսակրպակների տեղադրման նախագիծը հրաշալի գործիք է` Հայաստանը զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող երկրների շարքում ընդգրկելու համար: Այս լուծումը կօգնի նաև զբոսաշրջիկ-Հայաստան զգացմունքային կապի ստեղծմանը և քաղաքակրթությունների զարգացման տիրույթում մեր հայրենիքի անունը մտապահելուն»,-ավելացրել է նա։


ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է տեսակրպակներ տեղադրել նաև Հայաստանի պատմամշակութային այլ հուշարձանների տարածքում:
Պատմամշակութային հուշարձանների մասին ամբողջական տեղեկությունները տրամադրվում են Մայր աթոռ Սբ Էջմիածնի կողմից:

 

Առաջին անգամ Հայաստանում.ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշակութային վայրերում տեսակրպակներ է տեղադրում