Ջոն Լենոնի ատամը գնած ատամնաբույժը պատրաստվում է կլոնավորել երգչին
Կանադացի ատամնաբույժ Մայքլ Ժուկը, որը երկու տարի առաջ գնել էր հանրահայտ երաժիշտ Ջոն Լենոնի ատամը, հայտարարել է, որ մտադրված է ատամի հյուսվածքներից ԴՆԹ-ի նմուշ ստանալ երգչին կլոնավորելու համար, գրում է ria.ru-ն:
Ատամնաբույժի կարծիքով՝ գենետիկները շուտով կկարողանան վերականգնել Լենոնի ամբողջական գենետիկ կոդը, իսկ սովորելով մարդկանց կլոնավորել՝ կունենան միլիոնավոր մարդկանց կուռքին վերակենդանացնելու հնարավորություն:
Մայքլ Ժուկը գնել էր Ջոն Լենոնի ատամը 2011 թվականին, Լոնդոնում կայացած աճուրդի ժամանակ, 19,5 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 31 հազար դոլար): Նա այդ «մասունքը» բազմաթիվ ատամնաբուժական կլինիկաներում և քոլեջներում պտտելուց հետո պահ է տվել իր գրասենյակում: Ավելի վաղ, Ժուկը գիրք էր գրել հայտնի մարդկանց ատամների մասին:
Ջոն Լենոնը սեփական ձեռքով հանած իր ատամը նվիրել էր իր սպասուհուն՝ Դոթ Ջարլեթին, որը 1960-ականների վերջին աշխատել է Քենվուդում գտնվող իր տանը: Լենոնը խնդրել էր նրան ատամը նվիրել իր աղջկան՝ որպես հուշանվեր:
Հետագայում այդ հուշանվերը հայտնվել է Creation Records-ի հիմնադիր Ալան ՄքԳիին պատկանող ռոք-երաժիշտների իրերի հավաքածուում: Վերջինս էլ որոշել է վաճառել իր հավաքածուն՝ հայտարարելով, որ հոգնել է ռոք երաժշտությունից:










