Հնդկական «Չանդրայան» արբանյակի միջոցով գիտնականները ջուր են հայտնաբերել Լուսնի վրա
Հնդկական «Չանդրայան» լուսնային արբանյակի M3 սպեկտոմետրի արած լուսանկարներն ուսումնասիրելով աստղագետները ջուր են հայտնաբերել Լուսնի կենտրոնական ժայռային խառնարանում, հաղորդում է РИА Новости-ն՝ Nature Geoscience-ին հղումով:
Գիտնականներն այսօր համոզված են, որ Լուսնի վրա ջուր գոյություն ունի՝ սառույցի կամ հանքային նյութերի տեսքով: Սակայն նրանք տարակարծիք են երկու հարցի շուրջ՝ որտեղից է առաջացել այդ ջուրը և որտեղ է այն թաքնված:
Աստղագետների մի մասի կարծիքով ջրի հիմնական աղբյուրը գիսաստղերն են, իսկ մյուսների կարծիքով՝ արևային քամին:
2012-ին գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ ջրի մեծ մասը Լուսնի վրա առաջացել է Արևի վրա տեղի ունեցող գործընթացների շնորհիվ: Սակայն ԱՄՆ-ի Բալթիմորի համալսարանի գիտնականներն ապացուցում են, որ ամբողջ ջուրը չէ, որ արևային քամու հետևանք է:
«Չանդրայանի» լուսանկարների օգնությամբ ստացված տվյալները վերլուծելով՝ վերջիններս խառնարանում հայտնաբերել են հազվադեպ նորիտ իոնը, որի լավային ծագումը և բաղադրությունը գիտնականներին ստիպում է կասկածել, որ դրանք կարող էին խառնարանում հայտնվել արևային քամու շնորհիվ:
Հոդվածի հեղինակները եկել են այն եզրակացության, որ ստացված տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ Լուսնի խառնարանում ջուրն առաջացել և քարացել է Արևային քամիներից շատ առաջ:










