Մեքսիկայում էներգետիկ բարեփոխումների դեմ ընթացող երթը վերածվել է զանգվածային անկարգությունների
Մեքսիկայում էներգետիկ բարեփոխումների և Pemex պետական նավթային ընկերությունում մասնավոր կապիտալի ներգրավման դեմ իրականացվող քայլերթը վերածվել է զանգվածային անկարգությունների, տեղեկացնում է Газета.Ru-ն՝ РИА Новости-ին հղումով:
Մայրաքաղաքում անցկացվող երթի ընթացքում բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանության միջև: Ցուցարարները շշեր և փայտեր են նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, ինչից հետո վերջիններս ստիպված են եղել հատուկ միջոցների դիմել: Այս պահին կա երկու ձերբակալված: Ընդհանուր առմամբ, կարգուկանոնի պահպանման գործում ներգրավվել է 32 հազար ոստիկան:
Մեքսիկայի էներգետիկայի ոլորտում բարեփոխումներ անելու առաջարկը սենատի քննարկմանն է ներկայացրել նախագահ Էնրիկե Պենիա Նիետոյի թիմը: Նախագծի շրջանակներում նախատեսվում է լուրջ փոփոխություններ իրականացնել հատկապես նավթային ոլորտում, որը արդեն 75 տարի պատկանում է պետությանը:










