«Փակ շուկայի» դիմաց բողոքի ակցիան ավարտվեց ակտիվիստների և ոստիկանների ընդհարումով և «Հաղթել ենք» կոչերով (տեսանյութ, թարմացված)
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը շարունակում է բողոքի ակցիա անցկացնել շուկայի դիմաց՝ «Ծածկած շուկա» հուշարձանի տարածքում կատարվող ապօրինի շինարարության դադարեցման պահանջով:
Ինչպես «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումը հաղորդագրությամբ տեղեկացրել էր, այսօր նույնպես, ժամը 14:00-ին ակցիա տեղի կունենա:
Հիշեցնենք, որ այդ խնդրով նշված խմբի նախաձեռնած առաջին ակցիան տեղի է ունեցել երեկ, որի ժամանակ 7 մարդ բերման է ենթարկվել Ոստիկանություն: Երեկ տեղի ունեցածի մասին մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղ:
Մինչ ակտիվիստները կհավաքվեին փակ շուկայի դիմաց, մի խումբ քաղաքացիներ, որոնց մեծամասնությունը կանայք են, ներկայացան որպես փակ շուկայի նախկին աշխատակիցներ և իրենց շուրջը հավաքելով լրագրողների , բողոքեցին, թե իրենք դեմ են այս ակցիաներին։
«Շուկան պետք է բացվի, և մենք պետք է աշխատենք էդտեղ։ Նորմալ շուկա է լինելու, «Երևան Սիթի» չի լինելու, մեզ էլ աշխատատեղեր են տալու»,- միաբերան ասացին նրանք։
Երբ ակտիվիստները տեղ հասան, երկու «կողմերի» միջև բախում տեղի ունեցավ, որը կանխվեց ոստիկանական պատի միջոցով։
Ակտիվիստները փորձ արեցին ակցիայի մասնակից մյուս «կողմի» հետ կոնտակտի մեջ չմտնել ու շարունակել իրենց ակցիան։
Նշենք, որ ակցիան այս պահին շարունակվում է։
16։42
«Փակ շուկայի» դիմաց բողոքի ակցիան ավարտվեց ակտիվիստների և ոստիկանների ընդհարումով և «Հաղթել ենք» կոչերով
«Փակ շուկայի» դիմաց այսօրվա բողոքի ակցիան ավարտվեց ակտիվիստների և ոստիկանների ընդհարումով: Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի խոսքով՝ ոստիկաններից մեկը հայհոյել է իրեն, և ինքը պատիվ է պահանջում դրա համար:
Մինչ այդ ընդհարումը, երբ ակտիվիստները հայտարարեցին, որ ավարտում են իրենց ակցիան, նրանց դեմ դուրս եկած քաղաքացիները սկսեցին վանկարկել, թե «հաղթել ենք, հաղթել ենք»:
Այդ քաղաքացիները բարձրաձայն վանկարկում և ակտիվիստներին անվանում էին նաև «բոմժեր», »աբիժնիկներ», «ծախվածներ» և այլն:










