Ղարաբաղյան շարժումը գունավոր հեղափոխությունների առաջին ծիծեռնակն էր. Ա. Մանասյան

11:22 • 02.09.13

Քաղաքագետ, պատմաբան Ալեքսանդր Մանասյանը այսօր Լեռնային Ղարաբաղի անկախության 22-ամյակի առիթով լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ Ղարաբաղյան շարժումը գունավոր հեղափոխությունների առաջին ծիծեռնակն էր։


Նրա խոսքով՝ այդ շարժման մեջ կա մի միջազգային քաղաքական ենթաշերտ, որը առ այսօր բացահայտված չէ, և որոշ քաղտեխնոլոգիաներ, որ այսօր լայնորեն կիրառվում են գունավոր հեղափոխությունների շարքում առաջին անգամ ի հայտ էին եկել այդ տարիներին:


«Ին՞չ ճանապարհ ենք անցել: Քսաներկու տարեկան, հրաշք տարիք, և ասում են՝ դա այն տարիքն է, երբ ամուսնանում են»,- շնորհավորելով ԼՂ Անկախության օրվա առիթով՝ նշեց պատմաբանը:


ԱԼեքսանդր Մանասյանն ասաց, որ լավ լուր ունի. ԼՂՀ բուժհաստատությունների կանանց կոնսուլտացիաներում այս տարի հղի կանանց երկար հերթեր են:


Պատմաբանը, անդրադառնալով հոբելյանական տարեթվերին, նշեց, որ մենք՝ հայերս, հաճախ մռայլ գույներով ենք պատկերացնում 20 –րդ դարը՝ Հայոց ցեղասպանության պատճառով, սակայն մոռանում ենք, որ այդ ընթացքում ստեղծել ենք երկու Հայոց պետականություն՝ Հայաստանն ու Ղարաբաղը և որը, ըստ պատմաբանի, տարածաշրջանի ամենակայացած պետությունն է:


Սա ըստ պատմաբանի՝ երկակի հերոսություն է, քանի որ ամեն ինչ արվել է Հայաստանի ու Ղարաբաղի շրջափակման պայմաններում:


Ալեքսանդր Մանասյանը հիշեցրեց, որ տարին երկու անգամ է հոբելյանական է, քանի որ այս տարի լրանում է նաև Ղարաբաղյան շարժման 25-ամյակը, ինչը, ըստ նրա, Հայոց պատմության կարևորագույն, շրջադարձային իրադարձություններից մեկն է, որն այսօր պարտավոր ենք քաղաքականորեն ու պատմականորեն իմաստավորել:


«Ղարաբաղյան շարժման հետ կապված կան փաստեր, իրողություններ,որոնցում կան գաղտնի էջեր: Այ հիմա շատ լավ կլիներ, որ մեր այն քաղաքական գործիչները, հատկապես շարժման ակտիվիստները, կարելի է ասել՝ առաջնորդները, ավելի հաճախ անդրադառնայի շարժման պատմությանը, որպեսզի մենք չկորցնենք: Նման իրադարձությունները հաճախ մոռացության են մատնվում, հենց այն պատճառով, որ ոմանց թվում է, որ բոլորն այդ մասին գիտեն: Բայց այդպես չէ, բազմաթիվ փաստեր կարող են կորչել, որոնք կարող են էականորեն բացահայտել շարժման բնույթը, գաղտնի դեռևս չհրապարկված շերտերը»- նկատեց Ալեքսանդր Մանասյանը:


Պատմաբանը ուշադրություն է հրավրում հատկապես այն փաստի վրա, որ այս ընթացքում բաց է թողնված Հայաստան-ԼՂՀ կապն ամրագրող իրավական ձևակերպումներն ու ամրագրումները: Նաև կարծում է, որ լրագրողներից , որոնք այս հարցում շատ անելիքներ ունեն, պետք է ոմանք մասնագիտանան միայն ԼՂՀ խնդրի վրա:


Ինքը՝ Ալեքսանդր Մանասյանը այս տարի առաջին անգամ Երևանի պետական համալսարանում դասախոսություն է կարդալու Ղարաբաղյան հակամարտությունը թեմայով: