Ալմաթիում անկարգությունների հետևանքով 90 մարդ է վիրավորվել

14:52 • 02.09.13

Ալմաթիում (Ղազախստան) օգոստոսի 31-ին տեղի ունեցած անկարգություններից հետո բժշկական օգնության է դիմել 90 մարդ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Tengrinews-ին: Հայտնի է, որ վիրավորների թվում են նաև ոստիկանության աշխատակիցները:

 

Ավելի վաղ լուրեր էին տարածվել զոհերի մասին, սակայն դրանք չեն հաստատվել:

 

Անկարգությունները սկսվել են «Փրայմ Պլազա» առևտրի և զվարճանքի կենտրոնում հայտնի երգիչ Կայրատ Նուրտասի ելույթից հետո: Հանդիսատեսին դուր չի եկել, որ երգիչը չափազանց շուտ է հեռացել բեմից: Նյարդայնացած ամբոխը սկսել է ավերել բեմը և խանութները: Անկարգությունները շարունակվել են փողոցներում. նրանք սկսել են քարեր նետել ավտոմեքենաների վրա:

 

Ձերբակալվել է ավելի քան 150 մարդ, որոնց մեծ մասը քիչ անց ազատ է արձակվել: Նրանց խուլիգանության մեղադրանք է ներկայացվել:

 

Դատախազությունից որոշ ժամանակ անց հայտնել են, որ կազմակերպիչները համերգի կազմակերպման համար նախապես թույլտվություն չեն ստացել: