Փակ շուկայի բացման կողմնակիցներին շշերով խմելու ջուր են բաժանում (թարմացվում է, տեսանյութեր)
«Ազատագրենք հուշարձանը օլիգարխներից» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր ժամը 13-ին նախատես էր բողոքի ակցիա անցկացնել Երևանի «Փակ շուկայի» («Ծածկած շուկա») մոտ, սակայն նախքան նրանք ժամանելը այնտեղ էին եկել մեծ քանակությամբ մարդիկ, որոնք վանկարկում են «Բա-ցում, բա-ցում», «Դավաճաննե՛ր, ժողովրդին պառակտում եք», «պահանջում ենք աշխատանք» և այլն։
Ըստ էության հավաքի մասնակիցները դեմ են «Ազատագրենք հուշարձանը օլիգարխներից» ակցիայի ակտիվիստների բողոքի
ցույցերից։
Նշենք, որ մասնակիցների թիվը բավական մեծ է, բերվել են մեծ թվով ցուցապաստառներ։
Կանայք, որոնք ի դեպ, զինված են «հովանոցներով», ակտիվիստներին կոչ են անում հեռանալ։ Տարածքում կան նաև տղաներ, որոնք պարբերաբար ինչ-որ տեղ են զանգահարում և ինչ-որ բաներ «զեկուցում»։ Նրանցից շատերը կրում են արտաքինից ոսկի հիշեցնող հաստ շղթաներ։
Ցուցարարները բավական ագրեսիվ են տրամադրված։ Ոստիկանությունը փորձում է կարգավոր փողոցի երթևեկությունը, քանի որ ակցիայի մասնակիցները դուրս են եկել մայթից դեպի փողոցի երթևեկելի մասի։
13.53
Այս պահին շուկայի տարածքում ակտիվիստներ չկան, միայն Ալեքսանյանի կողմնակիցներն են, որոնք վանկարկում են՝ «Ա-լեք-սան-յան, բա-րե-րար»։
14.02
Մասնակիցները, որոնք վանկարկում են թե պահանջում են աշխատանք և աշխատատեղ, բերել են նաև պաստառներ, որոնց վրա գրված է՝«Ոչ վարձու ընդդիմադիրներին, այո՝ աշխատանքին»:
15.34
Փակ շուկայի բացման կողմնակիցներին շշերով խմելու ջուր են բաժանում
Արևի տակ ժամը 13։00-ից գոռացող մի քանի հարյուրի հասնող քաղաքացիներին քիչ առաջ շշերով խմելու ջուր բերեցին։ Ջուրը խմելուց և թարմանալուց հետո Փակ շուկայի բացման կողմնակիցները կրկին աշխուժացան՝ վանկարկելով «Ալեքսանյան բա–րե–րար»։
Մի քանի րոպե հետո ամբողջ շուկայի տարածքը հայտնվեց պլաստմասե շշերի ու տոպրակների աղբակույտի մեջ։ Կանանցից ոմանք նույնիսկ մի քանի շիշ ջուր գրկել էին ։ Ոմանք փսփսում էին,թե «ջրից հետո բրդուճներ» կլինե՞ն, թե ոչ։










